Իրավաբան․net-ը տեղեկացնում է, որ Արդարադատության նախարարի մայիսի 25-ի որոշմամբ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։
Վարույթ հարուցած մարմինն իր դիրքորոշումը հիմնավորելու համար վկայակոչել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ: Մասնավորապես, 81-րդ հոդվածը, համաձայն որի 1-ին մասի՝ կառավարիչը պարտավոր է պարտապանի լուծարման մասին որոշման ընդունման պահից դատարան ներկայացնել հաշվետվություն` պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ամսվա համար հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաջորդ ամսվա 10-ը ներառյալ:
Մի քանի սնանկության գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պարտապանի լուծարման վարույթ սկսելու որոշումների կայացումից հետո սնանկության գործերով կառավարիչների կողմից որևէ հաշվետվություն դատարան չի ներկայացվել: 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորն իր նախաձեռնությամբ, պարտատերերի խորհրդի կամ ժողովի կամ պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ պետք է վաղաժամկետ դադարեցնի կառավարչի լիազորությունները, եթե վերջինս չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում սույն օրենքով սահմանված իր լիազորությունները կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի կատարում իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը։ Նշված գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառավարչի կողմից որևէ հաշվետվություն չներկայացնելու պայմաններում Դատարանը որևէ միջոց չի ձեռնարկել վերջինիս լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու ուղղությամբ:
Դիմողը նշել է, որ քննարկվող գործով սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու որոշման և սնանկ ճանաչելու մասին վճռի միջև առկա է մոտ 57 օր տարբերություն, այսինքն՝ չեն պահպանվել օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները:
Անդրադառնալով կարգապահական խախտման էությանը՝ Արդարադատության նախարարը գտել է, որ առկա են հիմքեր դատավորի կողմից թույլ տրված խախտումն էական բնորոշելու համար:
Կարգապահական վարույթի շրջանակներում Ալեքսեյ Սուքոյանը ներկայացրել է գրավոր բացատրություն Արդարադատության նախարարին և գրավոր պատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդին:
Արդարադատության նախարարին ներկայացրած գրավոր բացատրության մեջ դատավորը նշել է, որ իր վարույթում ունենալով 700-ից ավելի քաղաքացիական և սնանկության գործեր, իր համար դժվար է հիշել միջնորդության մեջ ներկայացված բոլոր գործերի փաստական հանգամանքները, ուստիև խնդրել է, որ իրեն տրամադրեն բոլոր գործերի նյութերը պատշաճ կարգով բացատրություն ներկայացնելու համար:
Սակայն դատավորը հայտնել է, որ իր կողմից 08.07.2019թ. 11:10-ին ստացվել են կարգապահական վարույթ հարուցելու որոշման հիմքում դրված նյութերի մի մասից քաղվածքներ՝ պատճենների տեսքով: Նշել է, որ թիվ ԵԿԴ/0020/04/14, թիվ ԵԿԴ/0316/04/08 սնանկության գործերից որևէ նյութ իրեն չի տրամադրվել, իսկ մյուս սնանկության գործերից տրամադրվել են առանձին էջերի պատճեններ, որոնց մեծ մասին կցված չէ գործերի ցուցակների պատճենը:
Դատավորը նաև նշել է, որ թվով 22 գործերով, որոնք վերաբերում են սնանկության գործով կառավարչի կողմից դրսևորված անգործությանը, ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր չէ հետևություններ անել՝ արդյոք սնանկության գործով կառավարիչների կողմից համապատասխան հաշվետվություններ կամ միջնորդություններ ներկայացվել են, թե՝ ոչ: Դատավորը թիվ ԵԿԴ/0914/04/18 սնանկության գործի կապակցությամբ, որը վերաբերում է վրիպակն ուղղելու մասին դատական ակտի կայացմանը, նշել է, որ նշված գործից տրամադրվել են 1-ին, 62-րդ և 79-րդ էջերի պատճենները, մինչդեռ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի գրությունը՝ փաստաթղթերի մի մասն այլ գործից լինելու պատճառաբանությամբ նշված գործը չընդունելու մասին, տրամադրված նյութերում առկա չէ: Սույն դեպքում վրիպակն ուղղելու որոշման նպատակը գործը դատարան ընդունման ապահովումն է եղել: Դատավորը նաև նշել է, որ տրամադրված նյութերը թերի են, պատճեններում ընդգրկված չեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը բացառող հանգամանքները հավաստող ապացույցները:
Դատավորը նշել է, որ վարույթի շրջանակներում ձեռք չեն բերվել դատավորի կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացած արարքը կատարված լինելու և դրա համար օրենքով պահանջվող պայմանների առկայությունը հավաստող ապացույցներ, ուստի խնդրել է կարգապահական վարույթը կարճել:
Դատավորը կարևորել է նաև այն հանգամանքը, որ երբևիցե չի եղել բողոք իր վարույթում քննված սնանկության գործերի մասնակիցների կողմից և այդ «խախտումները» առանց որևէ իրավական հիմքերի, ընթացիկ գործերն ստուգելու համապատասխան լիազորությունների բացակայության պայմաններում ստուգվում և հայտնաբերվում են ՀՀ դատական դեպարտամենտի կողմից: Իր գնահատմամբ՝ վերոշարադրյալը վկայում է այն մասին, որ ՀՀ դատական դեպարտամենտի գործողություններն ուղղված են իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթներ ստեղծելուն:
Բարձրագույն դատական խորհրդում միջնորդության քննության ընթացքում՝ սեպտեմբերի 10-ին, դատավորի փաստաբանը միջնորդել է մերժել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ վերջինիս քննության ժամկետն անցած լինելու հիմքով:
Բարձրագույն դատական խորհուրդը, ի վերջո որոշել է Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել՝ Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու հիմքով: