Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նոյեմբերի 2-ին, ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ եթերում ցույց է տվել այն առանձնատունը, որտեղ մի քանի օր առաջ տեղափոխվել է՝ ընտանիքի հետ միասին։ Վարչապետը ցույց է տվել, թե ինչ վերանորոգման աշխատանքներ են տեղի ունեցել:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև այն լուրերին, թե առանձնատան վերանորոգման վրա 2 միլիոն դոլար է ծախսվել: Վարչապետը նշել է, որ ամեն ինչ հաշվի առնելով, առնվազն 10 անգամ ավելի պակաս գումար է ծախսվել․
«Մենք որևէ կապիտալ ներդրում չենք արել: Այս տանը չեն փոխվել դռները, չի փոխվել հատակը, չեն փոխվել խոշոր ջահերը, չեն փոխվել օդափոխիչները, որևէ պատ չի քանդվել, որևէ սենյակ չի ավելացել: Այսինքն ինչ եղել է, շարունակել է մնալ: Այո, գույնն է փոխվել: Երբ Սերժ Սարգսյանի ընտանիքը լքել է այս տարածքը, բացի ներկառուցված կահույքից ոչ մի բան չի մնացել, այսինքն աթոռ, սեղան: Առաջին գործը, որ արվել է, բանվորների և աշխատողների պայմանները բերվել են մարդկային նորմալ վիճակի, այս տարածքում աշխատող բանվորներն ունեն ցնցուղ, մաքուր, արժանապատիվ, քաղաքակիրթ սանհանգույց, հանդերձարան, խոհանոցային հատված, որտեղ կարող են սուրճ պատրաստել, նորմալ պայմաններում աշխատել: Այսինքն՝ առաջին գործը, որ արվել է, արվել է սպասարկող անձնակազմի աշխատանքային պայմանները նորմալ վիճակի բերելու համար»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ սա պետական գույք է, և այն վերջնականորեն վերադարձվել է պետությանը։