Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ. շրջակա միջավայրի պահպանություն» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 40 մլն եվրո գումարի չափով:
Գործադիրի հավանությանն է արժանացել նաև Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 36,506,000 եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել ՀՀ հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաև զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները։ Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է՝ պետական պարտքի և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման հզորացում, փողի շուկայի իրացվելիության և ֆինանսական շուկայի թափանցիկության բարելավում և կորպորատիվ պարտքի և բաժնետիրական կապիտալի շուկաների զարգացում:
Հիմնավորումների համաձայն՝ նշված միջոցներն ուղղվելու են «2019թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը նշել է, որ 2019 թ. բյուջեով որպես բյուջետային աջակցության վարկեր նախատեսված է ներգրավել շուրջ 131,4 մլն եվրո կամ 149,5 մլն դոլարի վարկեր: Նա տեղեկացրել է, որ այսօր կառավարության չզեկուցվող հարցերի շարքում հաստատվել է նաև Ասիական զարգացման բանկի կողմից 9,1 մլն եվրոյի մեկ այլ ծրագիր: «Հաջորդ կառավարության նիստին կներկայացնենք Համաշխարհային բանկի ևս մեկ վարկային ծրագիր՝ 45,8 մլն եվրոյի չափով: Այս բոլոր միջոցներն ուղղվելու են պետբյուջեով նախատեսված բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը, այսինքն՝ պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորմանը»,-ասել է փոխնախարարը:
Նա հայտնել է , որ սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում է 6 մլրդ 539 մլն դոլար: «Այսօր կառավարության նիստում ներառված վարկերի հաստատման պարագայում, հաշվի առնելով նաև ՀԲ-ի վարկը, որ հաջորդ շաբաթ կներկայացնենք, այս տարվա վերջին պետական պարտքը կկազմի 6 մլրդ 940 մլն դոլար, որը ՀՆԱ-ի 50,3 տոկոսն է: Նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ այն կնվազի, քանի որ նախորդ տարի այն եղել է 51,3 տոկոս»,-ասել է Կարեն Բրուտյանը:
Վարչապետը կարևորել է նման ցուցանիշի արձանագրումը և նշել, որ այն հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում, առանց մտավախությունների նոր պարտք ներգրավվել: «Մենք պայմանավորվել ենք, որ նոր պարտք ներգրավելու որոշում պետք է կայացնենք միայն այն դեպքում, երբ դրա արդյունքում մեծանալու են պետական եկամուտները, և տնտեսությունը բերելու են նոր մակարդակի: Մենք քննարկում ենք, այսպես ասած, մեգանախագծեր ձևավորելու և դրանք ֆինանսավորելու հարցը, և այս գործընթացը դրա նախապատրաստական շրջանն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: