Մենք ամեն ինչ անում ենք, որ երեխաներին վերադարձնենք ընտանիք. Նիկոլ Փաշինյանը՝ գիշերօթիկ հաստատությունների փակման մասին

Երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմամբ, Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներով,  երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելմամբ և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:

Ըստ այդմ՝ կլուծարվեն Դիլիջանի, Բյուրեղավանի, Գյումրու,  Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունները և Վանաձորի մանկատունը: Կազմակերպությունների լուծարումից գոյացած դրամական միջոցներն ամբողջությամբ կհատկացվեն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում պատվիրակման միջոցով ցերեկային աջակցության կենտրոնների ցանցի ընդլայնմանը, Երևան, Կապան և Գյումրի քաղաքներում ճգնաժամային աջակցության կենտրոնների հիմնմանը, խնամատար ընտանիքների թվի ավելացմանը, սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններից կենսաբանական կամ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցության, ինչպես նաև նշված հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերին:

Արդյուքում՝ կապահովվի երեխաների հետագա խնամքն ընտանիքում, կբարելավվի նրանց կյանքի որակը,  կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակությանը, ինչպես նաև մարզերում շուրջօրյա խնամքի կարիք ունեցող երեխաների համար առավելագույնս կապահովվի խնամքը ընտանեկան միջավայրում, նշված մարզերում կավելացվի խնամատար ընտանիքների թիվը։ Ընթացիկ տարում այդ հաստատություններում իրականացվել է խնամվող երեխաների և նրանց ընտանիքների կարիքների խորը գնահատում: Համաձայն գնահատման արդյունքների՝ հաստատություններում խնամվող երեխաների գերակշիռ մասը միայնակ մայրերի, առանձին ապրող ծնողների երեխաներ են: Խնամվող երեխաների զգալի մասը հաստատությունում է տեղավորվել ընտանիքների սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով: 

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այստեղ ոչ միայն ծառայության մառուցման ձևն է փոխվում, այլև բովանդակությունը: «Եվ այս բարեփոխումներն ուղղված են ընդդեմ հուսահատության, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գիշերօթիկի սան, մանկատան սան ասել՝ նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ, որ ինքն ամբողջ կյանքի ընթացքում լինելու է հանրային կյանքից և, ընդհանրապես, հաջողության լուսանցքից դուրս: Եվ այս իրավիճակի հետ մենք, իհարկե, չենք պատրաստվում համակերպվել: Եթե նայենք, թե Հայաստանի Հանրապետությունում գիշերօթիկ հաստատությունների քանի սան է ընդունվել բուհ, մանկատների քանի սան է ընդունվել բուհ, հետագայում քանի հոգի են շատ թե քիչ նորմալ կարիերա արել, մասնագիտություն ձեռք բերել, իրենց բարեկեցությունն ապահովել, ապա  խայտառակ մի պատկերի առաջ կկանգնենք: Փոխարենը, եթե նայենք գիշերօթիկի աշխատողների, տնօրենների ընտանիքների բարեկեցությունը ինչպես է դասավորվել, այդտեղ էլ կարող ենք շատ հետաքրքիր հետևություններ անել: Դրա համար մենք հետևողական և կամային որոշմամբ այս բարեփոխումը տանելու ենք առաջ, որի նպատակը պետք է լինի մեկը՝ գիշերօթիկ հաստատությունների, մանկատների և այդ կարգի այլ հաստատությունների երեխաների մրցունակությունը կյանքում մեծացնել բոլոր առումներով, սեփական ուժերի նկատմամբ նրանց վստահությունը մեծացնել, նրանց օժտել գիտելիքներով, հմտություններով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է ոլորտում այս բարեփոխման կարևորությունը՝ պետական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացման առումով:  

«Մենք ամեն ինչ անում ենք, որ երեխաներին վերադարձնենք ընտանիք: Սա շատ կարևոր հարց է: Իհարկե, կա նաև մտահոգություն, թե  արդյոք բոլորն հնարավոր շահառու ընտանիքներն ի վիճակի են այդ երեխաներին ընդունել և մեր նոր քաղաքականության շրջանակներում ապահովել պայմաններ: Այ սրա համար է, որ մենք ասում ենք՝ ընտանիքում բռնության կանխարգելման և քննության ինստիտուտը պետք է շատ լուրջ աշխատի և Հայաստանի Հանրապետությունում զարգանա: Մենք նախ այս ընտանիքներին պետք է աջակցենք, որպեսզի այո՛, նրանք այդ չափանիշներին համապատասխանեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարաչպետի խոսքով՝ անհրաժեշտ է հետևողական, հստակ առաջ շարժվել նաև երեխաների հանդեպ բռնության դրսևորումները կանխարգելելու և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: «Այս ինստիտուցիոնալ լուծումներով, կամային որոշումներով, իհարկե նաև հանրության հետ շատ լուրջ, խորը, մանրամասն վերլուծություններ անելով, այս քաղաքականությունը տանելու ենք առաջ՝ թույլ չտալով, որ Հայաստանի Հանրապետությունում  կոռուպցիոն համակարգի մնացորդները փորձեն Հայաստանը պահել հետադիմության և տգիտության մեջ կամ հետ քաշել, տանել-մտցնել տգիտության փակուղի: Սա շատ հստակ ենք ասում, և մեր վարած քաղաքականությունը այս առումով լինելու է սկզբունքային, ընդ որում՝ բոլոր մակարդակներում: Այդպիսի ուժեր այսօր կան նաև կառավարության մեջ, և մենք պետք է հատ-հատ, հետևողական ամատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետական կառավարման համակարգից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով փոփոխությունների արդյունքներին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Եվ հաջորդ հարցն է ծագում, իսկ արդյո՞ք այս ամենը երաշխավորում է, որ փոփոխությունները բերելու են հսկայական արդյունքների: Ոչ, երաշխիք չկա, բայց ինչպես ասվում է, վատթարագույն փոփոխությունն ավելի լավ է, քան անհուսալի ներկան: Առնվազն սա արձանագրում է, որ մենք հուսահատությանը չենք համակերպվելու, որովհետև այդ երեխաները ՀՀ-ի քաղաքաացիներ են և Հայաստանի Հանրապետությունը պետք է ամեն ինչ անի այդ երեխաներին հետագա կյանքին պատրաստելու համար, ընդ որում, դա պետք է լինի ոչ թե յոլա գնացողի, խեղճացածի, ձեռք պարզածի, մուրացիկի կյանք, դա պետք է լինի արժանապատիվ աշխատանքով սեփական բարեկեցությունն ապահովող քաղաքացու կյանք: Եվ մենք այստեղ շատ հետևողականորեն պետք է գնանք առաջ»:

Վարաչպետը նշել է, որ նույնը վերաբերում է նաև տարեցների խնամքի կենտրոններին: «Եկեք այդ կենտրոնները և տեսենք ինչ պայմաններում և ինչ մթնոլորտում են այդ մարդիկ պահվում՝ բառիս բուն իմաստով, որովհետև նրանք պահվում են այդտեղ: Սրան նույնպես պետք է վերջ տալ: Այս ճանապարհը հեշտ չի լինելու, այնպես չէ, որ մենք հիմա իդելական համակարգ ենք ստեղծելու, մենք առնվազն ասել ենք, որ այս հուսահատական տրամաբանության հետ չենք համակերպվելու»,- ասել է  Նիկոլ Փաշինյանը: 

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ վերաբաշխում  է կատարել 2019 թ. պետբյուջեում և փոփոխություններ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Համապատասխան որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ստանալու նպատակով` 2019 թ. առաջին 8 ամիսների ընթացքում նախատեսվածից ավելի շահառուների դիմելու հանգամանքով: Ըստ այդմ՝ անվասայլաներ ձեռք բերելու նպատակով կտրամադրվեն հավաստագրեր՝ հաշմանդամություն անձանց անհրաժեշտ, վերականգնողական անհատական ծրագրով երաշխավորված: Հիմնավորման համաձայն՝ պետական հավաստագրերի հիման վրա աջակցող միջոցների տրամադրումը հնարավորություն է ընձեռում անձին ընտրություն կատարել և ձեռք բերել իր կարիքի առավելագույնս հարմար աջակցող միջոցները: Այս հանգամանքով, միաժամանակ հանրային իրազեկման  բարձրացմամբ պայմանավորված` մեծացել է շահառուների դիմելիությունը և անվասայլակների այս տարվա համար նախատեսված քանակը սպառվել է:

Վարչապետը գոհունակություն է հայտնել պետական հավաստագրերի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման ընթացքից և նշել, որ դրա արդյունքում այդ գործընթացը դարձել է ավելի հասցեական և ավելի  հասանելի: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել