Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ։
Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, կդադարեցվի գործունեությունը «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» և «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություններում։
Երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների զարգացման, Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպելու նպատակով, մինչև 2020 թվականի հունվարի 15-ը Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում պետության կողմից հասարակական կազմակերպություններին՝ ծրագրեր պատվիրակելու միջոցով կստեղծվեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամք տրամադրող ծառայություններ։
Մինչև «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» և «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման գործընթացի ավարտը նշված կազմակերպություններում խնամվող երեխաների գնահատված կարիքներին համապատասխան, կապահովվեն նրանց՝ կենսաբանական, խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձը, խնամատար ընտանիքում խնամքի կազմակերպումը, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ երեխաների հետագա խնամքը կազմակերպել շուրջօրյա խնամքի այլ կազմակերպությունում (մանկատուն, երեխաների շուրջօրյա ժամանակավոր խնամք իրականացնող կազմակերպություններ)։
Նախարարությունը հիմնավորման մեջ նշել է, որ կառավարության որդեգրած քաղաքականությունն ուղղված է երեխայի խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում ապահովելուն` շուրջօրյա հաստատություններից երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելուն, խնամակալության, որդեգրման հանձնելուն, խնամատար ընտանիքում խնամքը կազմակերպելուն, ինչպես նաև այդ հաստատություններում երեխաների թվի նվազեցմանը և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնմանը:
«2019 թվականին իրականացվել է «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններում (այսուհետ՝ հաստատություններ) խնամվող երեխաների և նրանց ընտանիքների կարիքների խորը գնահատում՝ սոցիալական աջակցության տարածքային մարմինների միջոցով՝ մարզպետարանների և միջազգային գործընկերների ներգրավմամբ: Այս գործընթացում նախարարությանն աջակցել են «Վորլդ Վիժըն» Հայաստան կազմակերպությունը, «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամները:
Համաձայն գնահատման արդյունքների՝ խնամվող երեխաների զգալի մասը հաստատությունում է տեղավորվել ընտանիքների սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով:
Հաստատություններում խնամվող երեխաների գերակշիռ մասը միայնակ մայրերի, առանձին ապրող ծնողների երեխաներ են: Հաստատություն տեղափոխման պատճառներից է ընտանիքի ոչ կայուն եկամուտը:
գործընթացը, որն օրենքով սահմանված կարգով բազմիցս շրջանառվել է շահագրգիռ գերատեսչությունների շրջանում, մինչև անգամ քննարկվել է նաև ՀՀ կառավարարության սոցիալական կոմիտեի նիստում: Հիմք ընդունելով վերոնշյալ գործընթացը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխաների գիշերօթիկ հաստատությունների և Վանաձոր մանկատան լուծարումը նույնաբովանդակ գործընթաց է այն միավորվել է և ներկայացվում է ՀՀ կառավարության հաստատմանը մեկ նախագծով:
Վերջին տարիներին տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում իրականացվել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, այդ թվում՝ Վանաձորի մանկատանը խնամվող երեխաների և նրանց ընտանիքների կարիքների խորը գնահատում:
Վերոհիշյալ գործընթացի շրջանակում գնահատվել են մանկատանը խնամվող երեխաների կարիքները՝ յուրաքանչյուր երեխայի՝ հաստատությունում հայտնվելու պատճառները, երեխայի՝ ընտանիք վերադառնալու հնարավորությունները, առողջական, սոցիալ-հոգեբանական և այլ խնդիրները, ընտանիքի /հարազատների/ հետ շփման աստիճանը, երեխաների կենսաբանական ընտանիքների սոցիալական կարիքները:
2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ հաստատություններում խնամք է ստացել 260 երեխա, որոնց թիվը գնալով կրճատվել է՝ պայմանավորված երեխաների՝ կենսաբանական ընտանիքներ վերադառնալու փաստով: 2019-ի հոկտեմբերի 28-ի դրությամբ հաստատություններում խնամք է ստանում 130 երեխա: «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում խնամք ստացող երեխաները գտնվում են տանը, սակայն պաշտոնապես դուրս գրված երեխա չկա, քանի որ սպասում են հաստատության լուծարմանը՝ դուրսգրման գործընթացը սկսելու համար, «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում խնամք է ստանում համապատասխանաբար 46 և 50, «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում՝ 34 երեխա»,-նշված է հիմնավորման մեջ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի դեկտեմբերի 1-ից, բացառությամբ՝ որոշման 1-ին կետով նշված «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի լուծարման մասով՝ ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 25-ից և «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի լուծարման մասով՝ ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: