ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում մեծածավալ ուսումնասիրություններ են իրականացվել «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» պետական ՓԲ ընկերության գույքի վարձակալության և օտարման գործընթացի օրինականության կապակցությամբ: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն է պահանջվել ու ստացվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ կադաստրի կոմիտեից և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից:
Այս մասին հայտնում են դատախազությունից։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 21.01.2010թ. թիվ 74-Ն որոշմամբ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» պետական ՓԲԸ-ին թույլատրվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող և «Ն» ընկերությանը վարձակալությամբ տրամադրված 32237.1 քառ. մետր մակերեսով գույքը (20 անվանում շինություններ՝ հյուրանոցային մասնաշենքեր, սպորտդահլիճներ, հասարակական կենտրոն և այլն) և ընդհանուր 76121 քառ. մետր հողամասը օտարել նշված «Ն» ընկերությանը ընդհանուր 541.7 մլն դրամով։
ՀՀ կառավարության որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել ՓԲԸ-ի և «Ն» ընկերության միջև 08.11.2006թ. կնքված՝ ՓԲԸ-ին պատկանող Ծաղկաձոր համայնքում գտնվող հողամասը, շենքերը, վարչական կենտրոնները, ռեստորանները, բարերը, զվարճանքի հարմարությունները, լողավազանները, մարզիկների համար մարզական կենտրոնները և այլ շինությունները 50 տարի ժամկետով «Ն» ընկերությանը վարձակալության հանձնելու պայմանագիրը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված պայմանագրում վարձավճարի չափի հաշվարկի, վարձատուի կողմից պայմանագրի խզման դեպքում հավելյալ վճարումներ կատարելու, գույքի առուվաճառքի դեպքում դրա գնի վերաբերյալ, առանց որևէ հիմնավորման, առկա են պետական ՓԲԸ շահերին հակասող, միակողմանի ոչ շահավետ դրույթներ։
Գույքը օտարելու թույլատրության վերաբերյալ ՀՀ կառավարության թիվ 74-Ն որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվել է, որ «Ն» ընկերությունը վարձակալության պայմանագրով արդեն իսկ կատարել է ավելի քան 3.4մլրդ դրամի ներդրում: Մինչդեռ պարզվել է, որ որպես ներդրում կատարելու հիմնավորում ներկայացվել է միայն 2007-2008թթ. կազմած մոտ 2 մլրդ դրամի հաշիվ ֆակտուրաներ և շինարարական աշխատանքների կատարողական ակտեր։ Ավելին, ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ 2007-2008թթ. կազմված մոտ 738մլն դրամի կատարողական ակտերի հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը «Ն» ընկերության հարկային գործում բացակայում է։
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գույքի գնահատման հաշվետվության համաձայն՝ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ օտարված գույքի շուկայական արժեքը՝ նշված տարվա դրությամբ կարող էր կազմել 1.8մլրդ դրամ՝ օտարման գնից 1.3մլրդ. դրամով ավելի։ Այսինքն` ՀՀ կառավարությանը ներկայացվել են գույքի արժեքի, դրա գնահատման հիմքերի և ներդրումների վերաբերյալ անարժանահավատ տվյալներ:
Պարզվել է նաև, որ ՀՀ կառավարության այդ որոշմամբ պետական ՓԲԸ գույքի մի մասը օտարելուց հետո «Ն» ընկերության կողմից փաստացի օգտագործվող մնացած գույքի շուկայական արժեքը 2019թ. դրությամբ կազմում է շուրջ 6.1մլրդ դրամ, և այն շուկայական արժեքով վարձակալության հանձնելու դեպքում՝ 2010-2018թթ. դրա ընդհանուր վարձավճարը կկազմեր շուրջ 704 մլն. դրամ: Մինչդեռ ընկերությունը երբևէ որևէ վարձավճար չի վճարել։
Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ պետական ՓԲԸ-ի գույքի կազմում եղած՝ կառուցման ընթացքում գտնվող 2323,3ք/մ մակերեսով անավարտ շինությունը դեռևս 2005թ.-ին գնահատվել է 604.3մլն դրամ: 2011թ. հունիսին, սակայն, վերջինիս բաղադրիչ նյութերի և կոնստրուկցիաների շուկայական արժեքը գնահատվել է ընդամենը մոտ 50մլն դրամ: Այն քանդվել և 2011թ.-ին օտարվել է ընդամենը 3.6մլն դրամով: Սակայն նույնիսկ նշված գումարները պետական ՓԲԸ հաշվին մուտքագրելու վերաբերյալ տվյալներ առկա չեն:
Այսպիսով, ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել փաստական տվյալներ 2010թ. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու՝ Կառավարության քննարկմանն անարժանահավատ տվյալներ ներկայացնելու, դրա հետևանքով ՊՓԲԸ գույքը շուկայականից 3.3 անգամ պակաս գնով օտարելու, 2010-2019թթ. ՊՓԲԸ-ի պատասխանատու ծառայողների կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու, իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելով գույքի օգտագործման դիմաց վարձավճարներ գանձելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու վերաբերյալ։
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: