Հրայր Թովմասյանը չի ունեցել որևէ լիազորություն նշված տարածքի օտարման կամ սեփականաշնորհման գործընթացի նկատմամբ․ պաշտպանական թիմ

-ինՀրայր Թովմասյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի այսօր տարածած հաղորդագրությունից ակնհայտ է, որ տարածված հաղորդագրությունը ոչ միայն կոպտորեն խախտում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ վերոնշյալ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի պահանջները, այլև՝ գործ ունենք վերջին ամիսներին Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ կիրառվող հերթական ապօրինի ճնշման օրինակի հետ:

Հրայր Թովմասյանը չի ունեցել որևէ լիազորություն նշված Բաղրամյան 1 փկղ. 14 շենքի 162 տարածքի օտարման կամ սեփականաշնորհման գործընթացի նկատմամբ:

Ավելին, նա չունի և չի ունեցել ուղղակի կամ անուղղակի որևէ առնչություն նշված տարածքի հետ:

Հաստատապես իմանալով, որ Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական իշխանությունների կողմից ուղղորդվող գործընթացները շարունակաբար զուգորդվելու են քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտմամբ, հայտնում ենք, որ այս զավեշտի պայմաններում ապահովելու ենք Սահմանադրական դատարանի նախագահի իրավունքների պաշտպանությունը՝ պայքարելով Հայաստանի Հանրապետության անկախ դատական իշխանության կայացման համար»:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում Հրայր Թովմասյանի` ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` առերևույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ, հիմնավորվել է Բաղրամյան 1 փկղ. 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով` փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել