Նախատեսվում է քաղաքացիներին որոշ դեպքերում ազատել ելքի համար վճարվող պետական տուրքից

Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է օդային տրանսպորտով ելքի համար վճարվող պետական տուրքից ազատել այն դեպքում, երբ անձն օգտվում է այնպիսի ավիաընկերության կողմից նոր շահագործվող ուղղությամբ կատարվող թռիչքներից, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել:

Արտոնությունը նախաեսվում է կիրառել 36 ամսով, իսկ դրական ցուցանիշներ արձանագրելու դեպքում այն կարող է երկարաձգվել ևս 12 ամսով:   Նախատեսվող փոփոխությունները վերաբերում են թե՛ շուկա մուտք գործող նոր ավիաընկերություններին, և թե՛ արդեն իսկ թռիչքներ իրականացնող ավիաընկերությունների կողմից նոր ուղղություններ բացելու դեպքերին:

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսվում է լրացնել հետևյալ բովանդակությամբ․

«օդային տրանսպորտի միջոցով մեկնող ֆիզիկական անձինք, 36 ամսով, ընդ որում՝ տրամադրված ժամկետը կարող է երկարացվել ևս 24 ամսով՝ նախորդող ժամանակահատվածում գրանցված դրական արդյունքների հիման վրա, եթե վերջիններս օգտվում են այն ավիափոխադրողների ծառայություններից, որոնք՝

1) իրականացնում են առևտրային ավիափոխադրումներ դեպի իրենց կողմից վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով նոր օդանավակայաններ՝ սկսած առաջին թռիչքի մեկնարկի օրվանից և

2) իրականացնում են շաբաթական ոչ պակաս քան երկու չվերթ IATA ամառային ժամանակաշրջանում՝ մարտի վերջին կիրակի օրվանից ներառյալ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը, և շաբաթական ոչ պակաս քան մեկ չվերթ IATA ձմեռային ժամանակաշրջանում՝ հոկտեմբերի վերջին կիրակի օրվանից ներառյալ մարտի վերջին շաբաթ օրը:

Նախատեսված արտոնության ժամկետը յուրաքանչյուր կոնկրետ ավիաընկերության կողմից իրականացվող ավիափոխադրման ծառայություններից օգտվող ուղևորների համար հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել