2020 թվականի պետբյուջեում Կադաստրի կոմիտեի նախատեսած ծախսերի նախագիծն առաջիկա օրերին ամփոփելու և ներկայացնելու հանձնարարականն ստացան բոլոր վարչությունների և բաժինների պետերը, Վանաձորում միասնական արխիվի շինարարության և մյուս կապիտալ ծախսերն ամփոփելու և ներկայացնելու հանձնարարականը՝ ֆինանսական վարչությունը։
Այսօրվա խորհրդակցությանը Կոմիտեի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մելիքյանը և գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանը իրավիճակը ճշտեցին և հանձնարարականներ տվեցին նաև կադաստրի Կոմիտասի մասնաճյուղի շենքում անցագրային նոր սարքի տեղադրման վերաբերյալ։
Քաղաքացիական պաշտոնների նոր անձնագրերի ուժի մեջ մտնելու պայմաններում Կոմիտեում առաջիկայում կհամալրվեն թափուր մնացած մի քանի տեղերը։ Դրանցից մեկն օրերս համալրվել է. ներքին վերահսկողության վարչության պետ է նշանակվել Խաչատուր Բաղդոյանը՝ ազատվելով Կոմիտեի ղեկավարի օգնականի պաշտոնից։ Լևոն Մելիքյանը շնորհավորեց Բաղդոյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:
36-ամյա Բաղդոյանը ծնվել է Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո 2001-ին ընդունվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ակադեմիա, որն ավարտելուց անմիջապես հետո՝ 2006 թվականին, աշխատանքի է անցել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: 2019-ի մարտ ամսին զորացրվել է և նույն ամսում նշանակվել Կադաստրի կոմիտեի ղեկավարի օգնական:
Ամուսնացած է, ունի երկու որդի: