Վարդաշեն փողոցում տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել սպանվածի հարևանին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 64-ամյա կնոջ սպանության մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել վերջինիս հարևանին:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. հոկտեմբերի 22-ին քաղաքացուց ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն է եղել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվհետախուզական միջոցառումների արդյունքում  պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1979թ.:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդաշեն փողոցում գտնվող՝ 64-ամյա կնոջ բնակարանում անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 40-ամյա տղամարդը իր մոտ գտնվող դանակով  բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել