Պետության միջոցներն այսուհետ ուղղվելու են աղքատության փուլային հաղթահարմանը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է  Գեղարքունիքի մարզի սոցիալական աջակցության կենտրոնների աշխատակիցների, ոլորտով հետաքրքրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու կառավարության՝ ոլորտին առնչվող նոր որոշումներն ու նախագծերը:

Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«Այս բոլոր նախագծերն ուղղված են փոխելու երկար ժամանակ իշխող մշակույթը, որով նպաստ ստացող անձինք խուսափում էին աշխատել: Պետության միջոցներն այսուհետ ուղղվելու են աղքատության փուլային հաղթահարմանը: Աշխատելու ցանկությունը խրախուսվելու է. Անգամ, եթե կա աջակցության կարիք, այդ աջակցությունը չպետք է սահմանափակի աշխատելու հնարավորությունը: Դուք ինքներդ հաճախ հանդիպում եք մարդկանց, որոնց կարող է առաջարկվել աշխատանք, սակայն նրանք հրաժարվում են դրանից՝ հանուն մի քանի անգամ ավելի ցածր նպաստի: Սա նշանակում է, որ մենք գործ ունենք աղքատության արմատացած մշակույթի հետ, և մեր ջանքերն ուղղված են լինելու այդ մշակույթը փոխելուն: Բայց այս բոլոր փոփոխությունները կմնան թղթի վրա, եթե այդ մասին չլինի պատշաճ իրազեկում մեր և ձեր կողմից»,- հանդիպման ժամանակ ասել է փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարը ներկայացրել է մի շարք որոշումներ, որոնք ուղղված են եղել հենց այս նպատակներին՝ գյուղատնտեսական սեզոնային աշխատանք կատարող նպաստառուների, որոշակի բնակության կամ հաշվառման վայր չունեցող ընտանիքիներին նպաստի գնահատման համակարգում ընդգրկելու վերաբերյալ, ինչպես նաև ընտանիքի բնակության վայրը փոխելու դեպքում նախկին բնակության վայր էլեկտրոնային փոստի միջոցով հարցում անելու մասին որոշումը:

«Մեզանից յուրաքանչյուրի գործը պահանջում է աշխատանք ոչ թե ծրագրի, այլ մարդկանց հետ, որովհետև իրազեկվածության պակաս ունի ավելի խոցելի շերտը»,- ասել է փոխնախարարը:

Նոր նախատեսվող նախագծերի վերաբերյալ ներկաներն արել են առաջարկներ, մատնանշել նախագծերի հնարավոր բացերը և մարզին բնորոշ խնդիրները՝ սոցիալական ոլորտում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել