Հոկտեմբերի 24-ին ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Մասնակցում էին ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը, առաջին սպայական գումարտակի հրամանատար Վահան Էվինյանը, նույն գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներ։
Եգոր Կարապետյանը ներկայացրեց ոստիկանության ղեկավարության առաջ քաշած խնդիրներն ու հանձնարարականները։ Եվս մեկ անգամ խոսվեց ճանապարհային ոստիկանությունում կոռուպցիայի բացառման և դրա դեմ պայքարի մասին։
Հանձնարարվեց անհանդուրժող լինել օրինախախտների նկատմամբ ու կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների ոչ միայն օրենքը խախտած վարորդների, այլև հետիոտների նկատմամբ։
Թեև այս տարի հանրապետություն են ներմուծվել աննախադեպ քանակի տրանսպորտային միջոցներ, այնուհանդերձ ճանապարհային ոստիկանությունը խիստ միջոցառումներ պետք է իրականացնի խցանումները հնարավորինս բացառելու ուղղությամբ։ Ցուցում տրվեց հայտնաբերել դեղին գծանշումներով խաչմերուկներ մտնող ու խցանման պատճառ հանդիսացող վարորդներին, բացատրել խախտումն ու կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Խցանումները բացառելուն ուղղված միջոցառումների ընթացքում բացառել երկրորդ շարքում կայանումները։
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանն անձնակազմի հետ անցկացրեց ծառայողական պարապմունք։ Քննարկվեցին ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և դրանց վերաբերյալ արձանագրությունների, ճանապարհային ոստիկանության ծառայության, ծառայողների հավելավճարների մասին հարցեր։
Նշենք, որ նման խորհրդակցություններն ու ծառայողական պարապմունքները ճանապարհային ոստիկանությունն անց է կացնում ողջ հանրապետությունում։ Նպատակը՝ բարձրորակ ծառայություն մատուցելն ու ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելն է։