Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին 119 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել է պատգամավոր Մանե Թանդիլյանի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը՝ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, որի համաձայն՝ մարզերում մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող հանրային սննդի գործունեությամբ զբաղված ընկերությունները կազատվեն շրջանառության հարկից՝ համարվելով միկրոձեռնարկատիրության սուբյկետներ։
«Գիտեք, որ 2020 թվականի հունվարի 1-ից, փոփոխության արդյունքում ուժի մեջ է մտնելու միկրոձեռնարակտիրության սուբյեկտի գաղափարը, որով որ նախատեսվում է մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տարբեր ձեռնարկություններին ազատել տարբեր տեսակի հարկերից և այստեղ կան նաև սահմանափակումներ, թե հատկապես որոնք են այդ ձեռնարկատիրությունները, կամ գործունեության ոլորտները, որոնք որ կարող են օգտվել և համարվել միկրոձեռնարկատիրական սուբյեկտ»,-նշում է պատգամավորը։
Մանե Թանդիլյանն առաջարկում էր բացառության շարքից հանել մի շարք գործունեություններ՝ այդ թվում հանրային սննդի գործունեությամբ զբաղվող բոլոր ձեռնարկություններին, Երևանի վարչական շրջաններում առևտրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին, ԱՁ-ներին, ինչպեսև Երևանի վարչական սահմաններից դուրս առևտրային կենտրոններում իրականացվող առևտրական գործունեություն կատարողներին։ «Հանձնաժողովում հավանության արժանացավ առաջարկված դրույթներից մեկը՝ հանրային սննդի ոլորտում առաջարկվող փոփոխության 262-րդ հոդվածում, որով սահմանում ենք, որ այս գործունեություն իրականացողները, որոնք գործում են մարզերում, ապա այդ կազմակերպությունները կկարողանան համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ․ հետևաբար մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն ունենալու պարագայում կազատվեն հարկերից»,-ասաց պատգամավորը։