Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում սկզբնավորված զանգերի Հայաստանի Հանրապետության շարժական և ամրակցված հեռախոսակապի օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարների կիրառման ժամանակացույցը հաստատելու մասին նախագիծը։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան», «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ու «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև ստորագրվել է փոխկապակցման վճարների և ռոումինգի ծառայությունների սակագների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն նախատեսվել է՝ ըստ ժամանակացույցի, 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 1-ը աստիճանաբար նվազեցնել ՀՀ և ԱՀ օպերատորների շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարները:
Նախատեսվում է՝ ըստ ժամանակացույցի, փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարները 2025 թվականի հունվարի մեկից հետո սահմանել 5 դրամ/րոպե (առանց ԱԱՀ):