Կարող եմ միայն մի հարցի շուրջ պատասխան տալ, որ օգնել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալ. Արա Բաբլոյան

Ազգային Ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը, այսօր՝  հոկտեմբերի 23-ին,  լրագրողների հետ զրույցում  հայտարարել է, որ իրեն մեղավոր չի համարում և ինքը երբեք օրենքի Սահմանադրությունից դուրս չի գործել:

«Ես ստորագրել եմ այդ օրը, այդ ժամին  և դա տեղադրված է կայքում՝ խոսքը մարտի 2-ի մասին է: Ես ստորագրել եմ, երբ իմ դիմաց եղել է Գագիկ Հարությունյանի պաշտոնից ազատվելու դիմումը: Մնցածը թող իրավապահ մարմինները կարողանան որոշել, դա իրենց խնդիրն է: Ես գիտեմ, որ  գործել եմ Սահմանադրության և օրենքի սահմաններում: Թե ինչու է Գագիկ Խաչատրայանը շուտ դիմում գրել, այդ ամեն ինչի համար ես պատասխանատու չեմ: Կարող եմ միայն մի հարցի շուրջ պատասխան տալ, որ օգնել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալ, և միայն այդտեղ եմ թույլ տվել օրենքի խախտում: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ թող իրավապահները լսեն և պարզեն, թե որտեղ եմ աջակցել, և ինչ եմ խախտել»,- նշել է Արա Բաբլոյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել