Շրջիկ առևտուր իրականացնողները պետք է քաղաքապետարանից ստանան համապատասխան թույլտվություն. նախագիծ

Ազգային Ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լարացում կատարելու նախագիծ, որով նախատեսվում է, որ այսուհետ շրջիկ առևտրի կետեր կարող են համարվել ապրանքների պահման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով ապահովված միայն ավտոմոբիլները կամ դրանց կցորդները:

Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպումը կամ ծառայության մատուցումը այսուհետ կիրականացնեն՝ միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ Երևանի քաղաքապետի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա:

Շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները և վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների տեսակները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման  կարգը, պայմանները և գործունեության իրականացման  ժամերը կսահմանվի Երևան համայնքի ավագանու որոշմամբ, ինչպես նաև շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը կգծանշվեն և նշանով կկահավորվեն Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով:

Ըստ նախագծի շրջիկ առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ՝ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան անվտանգությունը և որակը պահպանելու համար:

Երևան համայնքի վարչական տարածքում ցանկացած տեսակի տրանսպորային միջոցից կամ դրանց կցորդներից ցանկացած ապրանքի վաճառք իրականացնելը կամ որևէ ծառայություն մատուցելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարգելվի:

Կոռուպցիոն դրսևորումները բացառելու նպատակով կստեղծվի հատուկ էլեկտրոնային հարթակ, որի միջոցով յուրաքանչյուր տնտեսվարող հավասար հնարավորություն կունենա ընտրելու տվյալ օրը շրջիկ առեւտրի կետը կայանելու վայրը։ Տեղական տուրքը կկազմի ամսական ընդամենը 50 հազար դրամ:

Թույլտվություն ստացած տնտեսվարողների գործունեությունը չխաթարելու համար, քաղաքային իշխանությունները կկարողանան անհապաղ տարածքից էվակուատրով տարհանել ցանկացած այլ տրանսպորտային միջոց, որը կայանած կլինի շրջիկ առևտրի կետերի համար նախատեսված վայրերում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել