«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի ընթացքի մանրամասներն են քննարկվել ծրագրի համակարգող խորհրդի հերթական նիստում:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Նախատեսվում է բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն վերելակների շահագործման, շենքերի մուտքերի բոլոր հարկաբաժինների և բակերի լուսավորության էլեկտրաէներգիայի պահանջարկը: Իսկ տարածքների լուսավորությունը կապահովվի LED լուսատուներով:
Երևանի քաղաքապետի տեղակալ, ծրագրի համակարգող խորհրդի ղեկավար Հայկ Սարգսյանը նշել է, որ, չնայած ծրագրի ժամանակացույցի որոշակի շեղումներին, աշխատանքներն ակտիվորեն ընթանում են: Նշվել է, որ արդեն իսկ ավարտվել և ամփոփման փուլում է լուսատուների ձեռքբերման մրցույթը:
«Սա քաղաքի համար կարևոր ծրագիր է, որը նաև քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթությունների մեջ է և կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այն ամբողջությամբ չի իրականացվել: Ծրագրի գործնական փուլին անցնելուց առաջ այժմ ակտիվ բացատրական աշխատանքներ են տարվում բնակիչների հետ, քանի որ համակարգերի տեղադրումը հնարավոր է միայն բնակիչների մեծամասնության համաձայնությամբ ու մասնակցությամբ»,-ընդգծել է Հայկ Սարգսյանը՝ մանրամասնելով, որ շինարարական աշխատանքների համար թույլտվությունները պետք է տրամադրվեն բնակիչների դիմումների հիման վրա:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին, CoM-DEP աջակցող խմբի ղեկավար Յան Վանդերսը: Խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն են ներկայացրել ծրագրի իրականացման վերաբերյալ և նկատել, որ «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք»-ն իր ծավալներով և բնապահպանական նշանակությամբ կարևոր է ոչ միայն մայրաքաղաքի համար:
Ծրագիրն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում՝ ԵՄ կողմից տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով: