Ինը ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով. ոստիկանություն

Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։

Այս մասին հյատնում են ոստիկանությունից:

Նիստը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Մինչ օրակարգին անցնելը նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Տիգրան Առաքելյանի հիշատակը։ Այնուհետև Արման Սարգսյանը, ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին վտանգ սպառնացող պայմաններում խիզախություն և անձնազոհություն ցուցաբերելու համար, կրծքանշան հանձնեց ՊՊԳՎ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան Արմեն Հակոբյանին։

2019 թվականի ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները ներկայացրեց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։

Նշվեց, որ ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում վերահսկել է օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը։

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2019 թվականի ինը ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով կամ 1.192 դեպքով (2018թ. 9 ամիս` 17.673, 2019թ. 9 ամիս` 18.865), ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների, հատկապես՝ ոչ մեծ ծանրության (աճ՝ 645-ով), և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (աճ՝ 165-ով) դեպքերի թվի աճով:

Չնայած հանցագործությունների թվի որոշակի աճին՝ պետք է փաստել, որ 2019թ. 9 ամիսների ընթացքում իրականացված լայնածավալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում էականորեն՝ շուրջ հինգ անգամ, կրճատվել է դրա տեմպը (2019թ. հունվար՝ 35,3%, սեպտեմբեր՝ 6,7%):

Դեպքերի աճը կարելի է պայմանավորել նաև այն հանգամանքով, որ դեռևս նախորդ տարվանից, կապված իրավիճակի փոփոխության հետ, բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, և նրանք չեն խուսափում դիմել ոստիկանություն․ եթե 2018 թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել էր առերևույթ հանցագործության մասին 147․780 հաղորդում, ապա 2019 թ. 9 ամիսների ընթացքում դրանց թիվն աճել է 29.721-ով կամ 20,1%-ով, կազմելով` 177.501):

Հանցավորության ընդհանուր կառուցվածքում շարունակվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռի նվազման միտումը (21,3%-ից 16,8%): Փոխարենը նկատելի աճ է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում (45,9%-ից 50,6%)։ Ծանր հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը կազմում է 37,8%, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 56,8%:

Ըստ հիմնական հանցատեսակների՝ բացահայտման աշխատանքների արդյունավետության պատկերը հետևյալն է՝ սպանություններով՝ 69,6%, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերով՝ 83,8%, այդ թվում ծանր՝ 75,2%, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 83,7%, այդ թվում՝ մահվան ելքով՝ 68,8%, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության՝ 65,9%, ավազակության՝ 80,0%, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերով՝ 77,5%։

Համեմատաբար ցածր արդյունավետություն է գրանցվել խուլիգանության՝ 55,2%, կողոպուտի՝ 58,5%, գողության՝ 44,2%, այդ թվում՝ բնակարանային՝ 23,2%, յուրացման կամ վատնման՝ 58,8% դեպքերով:

Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 340 դեպք, ընդ որում՝ 12-ով աճել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման բացահայտման դեպքերը։

Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 931 դեպք, որոնցից 255-ը կաշառակերության դեպքեր են, 151-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման, 99-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 215-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 51-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն։
Ոստիկանության ստորաբաժանումները պատշաճ հասարակական կարգ ու անվտանգություն են ապահովել ինչպես փետրվարի 17-ին, հունիսի 10-ին և սեպտեմբերի 29-ին մի շարք մարզերում կայացած համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների, այնպես էլ 4.094 զանգվածային միջոցառումների ժամանակ:
Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգությանը՝ նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 253 և մարմնական վնասվածքներ ստացել 4.959 մարդ:
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն անդրադարձավ ներկայացված վիճակագրությանն ու մի շարք խնդիրների։
Հաշվի առնելով ոստիկանի ծառայության վտանգավորությունը՝ Արման Սարգսյանը հանձնարարեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել անձնակազմի ֆիզիկական ու մարտական պատրաստականությանը։ Առանձնապես կարևորվեցին տեղերում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, միջանձնային ու գործընկերային հարաբերությունները։ Ստորաբաժանումների պետերին հանձնարարվեց անձնակազմին ծանրաբեռնել ըստ օպերատիվ անհրաժեշտության՝ գնահատելով տարածքի օպերատիվ իրավիճակն ու հանցագործությունների դինամիկան։
Անդրադառնալով առանձին ծառայություններում առկա բացթողումներին ու կարգապահական խնդիրներին՝ Արման Սարգսյանր ընդգծեց՝ համակարգում պետք է լինեն մարդիկ, որոնք իրենց ծառայությամբ պատիվ են բերում ոստիկանությանը։

Հանձնարարվեց նաև ընդլայնել սերտ համագործակցությունը իրավապահ մյուս կառույցների հետ։

Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգությանը՝ Արման Սարգսյանը հանձնարարեց անհանդուրժող լինել յուրաքանչյուր կոպիտ խախտման նկատմամբ՝ ընդգծելով, որ յուրաքանյուր նման խախտում կարող է կյանք արժենալ, և խախտումների արձանագրումն ու համարժեք գնահատականի արժանացնելը նախևառաջ վարորդի, ուղևորների ու հետիոտնի կյանքի և առողջության պահպանմանն է ուղղված։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հույս հայտնեց, որ ոստիկանության բոլոր ծառայությունները կշարունակեն հետևողական աշխատանքը՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կարգապահական ու ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ՝ ի նպաստ օրենքի, ի նպաստ պետության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել