Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Այն մշակվել է սպառողների շահերի պաշտպանության նպատակով, համաձայն որի՝ վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը։
Նախագշի հիմնավորման մեջ նշվում է. «Վերջին շրջանում ստացվում են բավականին շատ բողոքներ սպառողների կողմից առ այն, որ առևտրի իրականացման վայրերում հրաժարվում են փոխարինել կամ հետ ընդունել գնված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը՝ առանց որևէ հիմնավորման, ինչը ուղղակիորեն հանդիսանում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս որևէ մարմին չունի իրավասություն միջամտելու տվյալ պարագայում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջի խախտում, ապա սպառողների խախտված իրավունքները կարող են վերականգնվել միայն դատական կարգով, ինչը ժամանակատար է և ծախսատար։ Վերոգրյալով պայմանավորված սպառողները հաճախ խուսափում են դիմել դատարան։ Ըստ այդմ, տվյալ ոլորտում առկա իրավիճակը կարգավորելու նպատակով առաջարկվում է պարտադրել տնտեսավարողներին տեղեկացնել սպառողին վերջինիս իրավունքների վերաբերյալ, ինչը գործնականում, կարծում ենք կնվազեցնի հնարավոր կամայականությունները»։
Այսպիսով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կկատարվի, որի համաձայն.
Վաճառողի կողմից սպառողներին տեսանելի վայրում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկում առկա ապրանք(ներ) վաճառելու դեպքում՝ անվանացանկ չփակցնելը և (կամ) տեղեկատվությունը և անվանացանկը փակցնելուն ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելը կառաջացնի նախազգուշացում:
Իսկ նախատեսված արարքը վարչական տույժի կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը կառաջացնի տուգանքի նշանակում՝ 50 հազար դրամի չափով: