Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Դիլիջանի բաժնի ծառայողների հետ համատեղ փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Դիլիջանի քաղաքապետն օգտագործելով պաշտոնեական դիրքը` Դիլիջանի նախկին «քաղսովետի» բազմահարկ շենքում տարբեր հիմունքներով տարածքներ զբաղեցրած պետական գերատեսչությունների և այլ տնտեսվարողների խնդրանքով` նշված շենքը վերանորոգելու պատրվակով 2006 թ. փետրվարի 28-ի որոշմամբ հայտարարել է շուկայականից անհամեմատ ցածր` տարեկան, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, մոտ 1 միլիոն 300 հազար դրամ մեկնարկային գնով, 40 տարի ժամկետով շենքը վարձակալությամբ տրամադրելու աճուրդ` մասնակիցների կողմից շենքի կապիտալ վերանորոգման ծրագիր ներկայացնելու և իրականացնելու պարտադիր պայմանով:
Այնուհետև քաղաքապետը, ըստ նախնական տվյալների, համաձայնության գալով քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի հետ` աճուրդից 30 օր առաջ նրա դստեր անվամբ հիմնադրված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն աճուրդում հաղթող ճանաչելու նպատակով կազմակերպել են ձևական աճուրդ, որի շրջանակներում ֆինանսական բաժնի պետը, աճուրդին իբրև երկրորդ ընկերության մասնակցությունն ապահովելու համար, նախօրոք պայմանավորվածություն է ձեռք բերել ծանոթ մեկ այլ ընկերության հիմնադիր տնօրենի հետ` առաջարկելով ստորագրել և կնքել աճուրդի անցկացմանը հայտ ներկայացնելու և մասնակցելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերը, ապա հանձնաժողովի անդամների օժանդակությամբ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով` մրցութավարի փոխարեն կեղծ ստորագրությամբ կազմել ու հաստատել են աճուրդի նիստ անցկացնելու վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր, որոնց հիման վրա էլ 2006 թ. ապրիլի 28-ին կնքված առուվաճառքի պայմանագրով` անշարժ գույքը տարեկան, այս պահին քննությանը հայտնի տվյալներով` մոտ 1 միլիոն 400 հազար դրամով 40 տարի վարձակալության իրավունքով, հանձնել են քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի աղջկա անվամբ հիմնադրված ընկերությանը:
Դրանից հետո քաղաքապետը պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նշված ընկերության կողմից պայմանագրով նախատեսված հիշյալ շենքի վերանորոգման համար որևէ ներդրում չկատարելու պայմաններում, չի վերանայել կամ լուծել համայնքի համար ակնհայտ անշահավետ, տարիներ շարունակ գործած վարձակալության պայմանագիրը, որի արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ենթավարձակալներից 2006 թվականի հունիսի 30-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 26-ը, քննությանն այս պահին հայտնի տվյալներով` հավաքագրված ընդհանուր մոտ 88 միլիոն 800 հազար դրամից քաղաքապետարանի բյուջե է փոխանցվել մոտ 15 միլիոն 600 հազար դրամ, ինչի հետևանքով քաղաքապետարանին շուրջ 73 միլիոն 200 հազար դրամի նյութական վնաս է պատճառվել:
Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: