ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներից գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդուն:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը՝ ծնված 1989թ., Երևան քաղաքի բնակչուհուց արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, պահանջել է գումար՝ պատճառելով զգալի չափերի վնաս:
Բացի այդ, նույն անձը, սեռական բնույթի ձայնագրությունները ինտերնետային կայքէջից ջնջելու կեղծ պատրվակով, խարդախությամբ փորձել է Արմավիր քաղաքի բնակչուհուց հափշտակել զգալի չափի գումար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Պարզվել է նաև, որ 30-ամյա տղամարդը 2016-2018թթ. ընթացքում, տարբեր պատրվակներով քաղաքացիներից հափշտակել է գումարներ՝ վերջիններիս պատճառելով խոշոր չափերի վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/, 178-րդ հոդվածի 1-ին մասով և 34-178-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: