Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դատական օրենսգրքի վիճահարույց փաթեթին առնչվող 5 էական փաստեր, որոնք ի թիվս բազմաթիվ այլ դատողությունների, ուղղակիորեն արձանագրված են Վենետիկի հանձնաժողովի եզրակացության շրջանակներում.
1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ընդդիմությունը պետք է ունենա կարևորագույն դերակատարում ընդհուպ մինչև Հանձնաժողովի նախագահի պաշտոնում անձանց առաջադրելու ձևաչափով, ինչն արձանագրված չէ նախագծով:
2. Մոտ ապագայում անհրաժեշտ է ուժը կորցրած արդարադատության նախարարի՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասությունն ամրագրող դրույթը.
3. Նախագծում կիրառվում են բազմաթիվ անորոշ հասկացություններ, ինչպիսիք են «Դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ», «Դատական իշխանությունը վարկաբեկող», «Կոպիտ անփութություն» բառերի կույտը:
4. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի մասնակցությունը էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում էականորեն խնդրահարույց է շահերի հնարավոր բախման իմաստով:
5. Անհրաժեշտ է հստակորեն որոշակիացնել դատավորների թեկնածուների թեստավորման փուլի իրական նշանակությունը դատավորների նշանակման գործընթացում այնքանով, որքանով գործող կարգավորումը ենթադրում է ոչ իրավաչափ հայեցողության դրսևորման ռիսկեր:
Եվ սա այն պայմաններում, երբ Վենետիկի հանձնաժողովը կարծիքը տրամադրելիս չի անդրադարձել
1. ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությանը.
2. Փաթեթում առկա բոլոր խնդրահարույց կարգավորումներին:
Ընդ որում, դրանց չանդրադառնալիս հանձնաժողովն առանձին արձանագրել է, որ դա երբևէ չի կարող դիտարկվել որպես դրանցով նախատեսված կարգավորումների հետ իր համաձայնության դրսևորում: Այնպես որ առաջարկում եմ դադարեցնել Հանձնաժողովի եզրակացությունը որպես միանշանակ դրական ներկայացնելու փորձերը»։