Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 16-ին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում:
Դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետևյալ պատկերը՝
Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցի բուֆետում (վարձակալության է տրված Ա/Ձ Արմենուհի Ադամյանին), հայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք` չոր թխվածքաբլիթ, իսկ ճաշարանում մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող նեկտար, բուսական յուղ պարունակող թթվասերային մթերք և յոգուրտային արտադրանք:
Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի բուֆետում (վարձակալության է տրված Ա/Ձ Մարգարիտ Նահապետյանին) և ճաշարանում նույնպես արձանագրվել են խախտումներ: Բուֆետում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած և թերի մակնշմամբ շոկոլադե սալիկներ, չոր թխվածքաբլիթ, եգիպտացորենի բոված հատիկներ (pop corn), իսկ ճաշարանում՝ պիտանիության ժամկետն անցած մածուն և մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող հավի մսեղիք: Ճաշարանը չի ունեցել նաև օդափոխման համակարգ և հանդերձարան: Այստեղ հայտնաբերվել է նաև մսի սպանդանոցային ծագումը հավաստող ձև 5 տիպի կեղծված անասնաբուժական վկայական: Խնդրի առնչությամբ արդեն դիտարկում է բացվել թե մսի մատակարարարի մոտ, թե կեղծված փաստաթուղթը տրամադրած սպանդանոցում: Վերահսկողության արդյունքերը կհրապարակվեն:
Արտաշատի թիվ 4 հիմնական դպրոցի բուֆետը (վարձակալության է տրված Ա/Ձ Անահիտ Վարդանյանին) ՍԱՏՄ տեսուչների այցելության պահին չի գործել: Ճաշարանում, որտեղ աշակերտներին տրամադրվում է նաև տաք սնունդ, հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած մածուն և մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող հավի մսեղիք: Բացակայել են օդափոխման համակարգը, միջատապաշտպան ցանցերը և հանդերձարանը:
Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցի (այստեղ սովորող աշակերտների մոտ է հոկտեմբերի 15-ին արձանագրվել ինքնազգացողության վատացում) բուֆետը (վարձակալության է տրված Ա/Ձ Անահիտ Վարդանյանին) ՍԱՏՄ այցելության պահին կապարակնքված է եղել ՀՀ քննչական կոմիտեի կողմից: Ճաշարանը և ճաշասենյակներն ունեն վերանորոգման կարիք, ճաշարանը չի ունեցել օդափոխման համակարգ, միջատապաշտպան ցանցեր, ճաշասենյակները՝ լվացարաններ:
Պիտանիության ժամկետն անցած բոլոր մթերքները Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տեղում ոչնչացվել են, իսկ թերի մակնշմամբ և մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող մթերքների համար տրվել են իրացումը կասեցնելու կարգադրագրեր: Տրվել են նաև թերությունները վերացնելու հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ:
Այսօր ՍԱՏՄ տեսուչները դիտարկում կանցկացնեն Արտաշատի թիվ 3 հիմնական և ավագ դպրոցներում:
Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 15-ին, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եվ կանխարգելման ազգային կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սննդային թունավորում ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 23 աշակերտ: ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական գործողությունների արդյունքում պարզել էին, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից արտադրված և մատակարարված նրբերշիկով պիցցան ուտելուց հետո: Դպրոցի բուֆետում առկա պիցցայից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: Լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն շաբաթվա վերջում: Հոկտեմբերի 16-ին ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի և Երևանի կենտրոնից գործուղված տեսուչները վերահսկողություն են սկսել Արտաշատի բոլոր դպրոցներում:
Գործընթացը շարունակական է, վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի և Երևանի դպրոցներում: