Կսահմանվեն ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների լիազորությունները. նախագիծ

Աշխատանի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրության քննարկմանն է ներկայացրել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծի  ընդունման  անհրաժեշտությունը  պայմանավորված է ընտանիքում բռնության բոլոր դեպքերի բացահայտման և արդյունավետ կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց, այդ թվում, երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության ապահովման, ուղղորդման և համարժեք աջակցության միջոցներ տրամադրելու խնդիրներով:

Նախատեսվող  փոփոխությամբ  կկանոնակարգվի ընտանիքում բռնության կանխարգելման և  բռնության ենթարկված անձանց պաշտպանության կազմակերպաիրավական հիմքերը,  սահմանվում են ընտանիքում բռնության հասկացությունը, ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների լիազորությունները, պաշտպանության միջոցների տեսակները, դրանց կիրառման հիմքերը, ընտանիքում բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկությունների իրավական պաշտպանության առանձնահատկությունները:

Ըստ նախագծի, ընտանիքում բռնություն Է համարվում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, վերահսկող վարքագիծը, որը կատարվել է ընտանիքի անդամների կամ նախկին կամ ներկա զուգընկերների միջև:

Նախագծով նախատեսվում է նաև, որ եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ կամ նախկին/ներկա զուգընկերը բռնություն է կիրառել, այդ թվում՝ երեխայի ներկայությամբ, ինչպես նաև առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի կամ զուգընկերոջ կյանքի և առողջության ապահովման կամ երեխայի առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել