Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հրապարակել է կալանավորներից մեկի հաղորդագրությունը և նշել, որ հոկտեմբերի 15-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ հոկտեմբերի 16-ից էլ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում փորձնական ծրագիր է սկսվել՝ ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը պատվիրակելով մասնավոր ընկերությանը:
««Նուբարաշեն»-ում պահվում է 367 անձ. 2019 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ, նրանցից 367-ն էլ օգտվել է սննդից, այն դեպքում, երբ մինչև այս ծրագրի մեկնարկը, օրինակ՝ հոկտեմբերի 14-ին, ՔԿՀ-ի կողմից տրամադրվող սննդից օգտվել էր 300 անձ:
«Արմավիր» ՔԿՀ-ում պահվում է 708 անձ. նրանցից 654-ը երեկ՝ ծրագրի մեկնարկի օրը, օգտվել է նախաճաշից, իսկ ճաշից օգտվողների թիվն ավելի մեծ է եղել՝ 695: Կրկին համեմատության համար նշեմ, որ հոկտեմբերի 14-ին, երբ դեռ ծրագրը չէր մեկնարկել, և սնունդը տրամադրվում էր ՔԿՀ-ի կողմից, սննդից օգտվել էր 550 անձ:
Հուսամ, այս ծրագիրը կնպաստի հանձնուքների թվի նվազմանն ու ՔԿՀ-ներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացմանը»,-նշում է նա։
Ռուստամ Բադասյանը հումորով անդրադարձել է նաև նկարին․ «Մեզ նույնիսկ «սպառնում» են»։