ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 22-ամյա երիտասարդի սպանության, ևս երկու անձի հրազենային մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին։
Քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1996թ.:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 23-ամյա բնակիչն իր ընկերոջ հետ, վերջինիս պատկանող ավտոմեքենայով, 2019թ. ապրիլի 14-ին՝ ժամը 18:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, հանդիպել է իր վաղեմի ծանոթ Մուշեղ Ղևոնդյանին: Զրույցի ընթացքում նրանց միջև վիճաբանություն է առաջացել՝ կարմիր բաճկոն հագնելու շուրջ, որի ժամանակ 23-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել Մ.Ղևոնդյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քննությամբ պարզվել է, որ դրանից հետո՝ 2019 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 21:00-ից 21:30-նն ընկած ժամանակահատվածում, 23-ամյա երիտասարդը կարմիր բաճկոն հագնելու հետ կապված հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Մուշեղ Ղևոնդյանի ծեծի ենթարկելու կապակցությամբ պարզաբանում կատարելու համար դարձյալ հանդիպել է վերջինիս և նրա երկու ընկերների հետ:
Հանդիպման ժամանակ 23-ամյա երիտասարդը, վրեժ լուծելու չնչին առիթով, երկու և ավելի անձանց՝ Մուշեղ Ղևոնդյանին և վերջինիս երկու ընկերներին, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և կրվող 7.62 մմ տրամաչափի հրազեն հանդիսացող ատրճանակից մոտ տարածությունից դիտավորությամբ 2 կրակոց արձակել է Մ.Ղևոնդյանի ընկերներից մեկի և 1 կրակոց մյուսի ուղղությամբ, որից հետո նույն հրազենով մեկ կրակոց է արձակել BMW 318 մակնիշի ավտոմեքենայի հետևամասում գտնվող Մուշեղ Ղևոնդյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ հրազենային, գնդակային կույր վիրավորում, իսկ վերջինիս ընկերներից մեկի առողջությանը պատճառելով միջին, մյուսին՝ ծանր վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: