2019 թավականի սեպտեմբերի 29-ին՝ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում տեղի են ունեցել համայնքապետի ընտրություններ: Իրավաբան․net-ին մարզի բնակիչներից մեկն ահազանգել էր և հայտնել, որ ընտրություններում հանձնաժողովի անդամ են եղել ներկայիս համայնքապետի կինն ու մայրը, իսկ որպես հանձնաժողովի նախագահ և քարտուղար ներկայացված են եղել «Իմ քայլը» կուսակցության կողմից մարդիկ, ովքեր կապ չեն ունեցել կուսակցության հետ:
«Ներկայիս գործող համայնքապետը, որը հանդիսացել է նախկին կոռումպացված համակարգի անքակտելի մի մասնիկ, իսկ այժմ ներկայիս մարզպետ Դավիթ Գևորգյանի «քիփը», նորից դրել է իր թեկնածությունը»,-նշել էր ահազանգողը:
Իրավաբան.net -ը կապ հաստատեց համայնքապետի թեկնծուների և արդեն ընտրված համայնքապետի հետ:
Թեկնածու Արմեն Հովսեփյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովի անդամները 8-ն են եղել, սակայն իրենց կողմից ոչ ոք չի եղել. «Ոչինչ չկարողացանք անել, որպեսզի հանձնաժողովում ունենամ իմ կողմից ներկայացված անդամ, ունեցա միայն վստահված անձ, իսկ նրա կողմից հանձնաժողովում եղան մայրը և մոտ բարեկամը, կինը չի եղել: Ասում են՝ ժողովրդավար երկրում ենք ապրում, բայց հանրապետականը այսօրվա դրությամբ կարողանում է էսպիսի բան անել: Ինչպե՞ս էր կարելի թույլ տալ, որ երկու թեկնածուներից, միայն մեկը ունենա ներկայացուցիչ հանձնաժողովում: Կարող է և իմ մեղավորությունն է, բայց ես իմացել եմ այն ժամանակ, երբ անդամները արդեն նշանակված են եղել, դիմել եմ մարզպետի օգնականին, ասել է՝ պետք է շուտ տեղեկանայիք և դիմեիք, էլ փոխել չի լինի»:
Մենք կապ հաստատեցինք նաև Հայկ Ասատրյանի հետ, որը ընտրված համայնքապետն է: Նրա խոսքով՝ այս խոսակցությունները սխալ մեկնաբանության արդյունք են․ «Այո, մայրս եղել է հանձնաժողովում, բայց դա ի՞նչ կապ ունի: Ընտրությունները եղել են արդար և թափանցիկ, և հետո էնպիսի մարդիկ են եղել և՛ հանձնաժողովի նախագահը, և՛ անդամները, որ հնարավոր չէր լինի որևէ խախտում անել»։
Հարցի վերաբերյալ մենք պարզաբանում խնդրեցինք նաև Արագածոտնի մարզպետարանից, հեռախոսազանգին պատասխանած աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ՝ նշեց․ «Էշի ականջում քնա՞ծ էին, էդ ո՞վ ա ասել, որ չեն թողել: Նույն իրավասությունը բոլոր կողմերը և թեկնածուները ունեն: Հիմա մենք ի՞նչ կապ ունենք, մենք ընդամենը տեղական ինքնակառավարման մարմին ենք ներկայացնում, մարզպետարան ենք, իրանք իրանց մասին չեն մտածել: Եթե կարող են ապացուցել, թող դիմեն ՏԻՄ ընտրական հանձնաժողով, պարկերը բացեն, չգիտեմ ինչ խնդիր ունեն, թող դիմեն ավելի բարձր կառույցների, ովքեր կարող են դրանով զբաղվել»։ Աշխատակիցը նաև հավելեց, որ եթե խախտումների վերաբերյալ հիմնավոր փաստեր ունեն, թող դիմեն դատարան կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք, ինչպես նաև տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարները, մարզպետները և նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, քննչական մարմիններում ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատական ակտերի հարկադիր կատարման, քրեակատարողական, պրոբացիայի, փրկարար ծառայություններում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, ընտրություններին մասնակցող կուսակցության, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները:
Տարածքային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել նաև ավագանու անդամները:
Թեկնածուի ազգականների՝ ընտրական հանձնաժողովում անդամ հանդիսանալու համար, արգելող կետ նախատեսված չէ օրենքում:
Դիանա Հարությունյան