Կադաստրի կոմիտեից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ միասնական տեղեկանքում նշվում են անշարժ գույքի վերաբերյալ տվյալները՝ նրա նկատմամբ բոլոր իրավունքները և սահմանափակումները։ Օրինակ, ով կամ ովքեր են սեփականատերերը, արդյո՞ք այդ գույքը կալանքի կամ արգելանքի տակ չէ, արդյո՞ք գերակա հանրային շահ ճանաչված գոտում չէ և այլն։
Միասնական տեղեկանքը Ձեզ անհրաժեշտ է, որպեսզի առքուվաճառքի, նվիրատվության, գրավադրման կամ այլ գործարքներ կատարելիս տեղյակ լինեք՝ չկա՞ն սահմանափակումներ տվյալ գույքի նկատմամբ, իսկ եթե կան՝ որոնք են։ Պարզ ասած, որպեսզի գործարք կատարելիս չխաբվեք։
Միասնական տեղեկանք ստանալու համար պետք է լրացնել համապատասխան դիմումի ձևը՝ նշելով տվյալ շինության հասցեն կամ հողամասի գտնվելու վայրը, ներկայացնել անձնագիր և վճարման անդորրագիր։ Կարող եք դիմել Կադաստրի ցանկացած գրասենյակ՝ անկախ նրանից, թե որտեղ եք բնակվում կամ որտեղ է գտնվում անշարժ գույքը։
Միասնական տեղեկանքի համար վճարը 10 հազար դրամ է։
Վճարման չափը տարբեր է հողամասերի որոշ տեսակների դեպքում. գյուղատնտեսական նշանակության՝ 500 դրամ, Շիրակի և Լոռու մարզերում օրենքով սահմանված որոշ հողամասերի դեպքում՝ 1000 դրամ։
Տեղեկանքը տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից հաշված 3-րդ աշխատանքային օրը։ Եթե շտապ եք ուզում, այն կտրվի 2-րդ աշխատանքային օրը՝ 20 հազար դրամով, իսկ նույն օրը երկու ժամի ընթացքում՝ 60 հազար դրամով: