Ոստիկանները հետապնդել են երկու անձանց ու բռնել Ազատության պողոտայում․ Քննչական կոմիտեն՝ ոստիկանի սպանության դեպքի մասին

ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի  պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասի, 316-րդ հոդվածի  2-րդ  մասի և 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ: Հայտնաբերվել է 1 հատ պարկուճ և 1փամփուշտ:

Առգրավվել են մահացածի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:  Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել