«Էրեբունի» ԲԿ ծննդատանը 47-ամյա հղի կին է մահացել

Հոկտեմբերի 9-ին «Էրեբունի» ԲԿ ծննդատանը 47-ամյա հղի կին է մահացել: Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից։

«Արտամարմնային բեղմնավորմամբ զույգ պտղով հղիացած կնոջ մոտ ախտորոշվել է թեթև աստիճանի պրեկլամսիա: Հղիության 35 շաբաթականում կատարված կեսարյան հատման ընթացքում երկրորդ պտղի դուրսբերման պահին հղիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, գրանցվել է շնչառության կանգ, ճնշման անկում: Անմիջապես միացվել է արհեստական շնչառական սարքին, հրավիրվել են ռեանիմատոլոգներ և հարակից բոլոր նեղ մասնագետները, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումներն, ինչպես նաև անմիջապես կատարվել է հակամակարդիչների ներարկում: Մեկ ու կես ժամ ցուցաբերված միջոցառումներից հետո գրանցվել է կնոջ կենսաբանական մահը: Ախտորոշվել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, սիրտ-թոքային անբավարարություն և թոք-սրտային անբավարարություն, «օձիք»-ի համախտանիշ՝ պարանոցի, գլխի և վերին վերջույթների տոտալ ցիանոզով:

Կեսարյան հատման ընթացքում ծնվել է զույգ երեխա՝ տղա և աղջիկ, համապատասխանաբար 1կգ 880 գ, 45 սմ հասակով և 2կգ 40 գ, 45 սմ հասակով: Ծնվելու պահին երեխաներն ունեցել են շնչառական խնդիրներ, ստացել են համախատասխան բուժում, վիճակը գնահատվում է կայուն, նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ստանում են նորածնային խնամք:

Աշխարհում թոքային զարկերակների թրոմբոէմբոլիաները մայրական մահացության պատճառագիտության մեջ դիտարկվում են որպես ոչ կանխելի մահեր»,-նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել