Աշխատողի լիազորությունների կասեցումը արգելք չի հանդիսանա աշխատանքային պայմանագիրը լուծելու համար․ նախագիծ

Արդարադատության նախարարությունը հանրային  քննարկման է ներկայացրել քրեական արդարադատության և աշխատանքային օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։

Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը խոչընդոտելու կամ հանցավոր գործունեությամբ զբաղվելու ենթադրության դեպքում, կապահովվի կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման հնարավորությունը և կսահմանվի տվյալ դեպքի համար աշխատավարձի վճարման չափը:

Նշվում է, որ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները կարող են կասեցվել (ժամանակավորապես դադարեցվել) դատախազի, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչի որոշմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:Աշխատողի լիազորությունների կասեցման մասին որոշումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում նրան աշխատանքի ընդունելու իրավասություն ունեցող անձը ընդունում է աշխատողի լիազորությունների կասեցման մասին անհատական իրավական ակտ, որի մասին ոչ ուշ քան 3-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է համապատասխան որոշումը կայացրած մարմնին կամ անձին:Աշխատող հանրային ծառայողի լիազորությունների կասեցման պահից մինչև կասեցման վերաբերյալ որոշման վերացումը աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը պահպանվում են, սակայն չի պահպանվում աշխատողի ամենամյա արձակուրդի իրավունքը:Լիազորությունների կասեցումը արգելք չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե կասեցման ժամանակահատվածում առաջացել են աշխատանքային պայմանագիրը լուծելու օրենքով նախատեսված հիմքեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել