Խախտումներ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Կենտրոն) կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծական տեղեկանք:

Այս մասին հայտնում են մարդու իարվունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Գրությամբ բարձրացվել են հետևյալ հիմնական խնդիրները.

 պահման պայմաններն անբավարար են՝ գերբնակեցվածություն, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների
անհրաժեշտություն, կողապահարանների բացակայություն, լոգանքի կազմակերպման խնդիրներ, հիգիենիկ պարագաների բացակայություն և այլն,

 տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար Կենտրոնում բացակայում են հարմարեցվածությունները,

 տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշներն անբավարար են,

 պատշաճ չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ամենօրյա բացօդյա զբոսանքի իրավունքը,

 բացակայում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նպատակային զբաղվածության և այլընտրանքային բուժման հնարավորությունը,

 անհրաժեշտ է մշակել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի
խրախուսման մեխանիզմներ,

 առկա են խնդիրներ հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման ընթացակարգերում,

 չեն պահպանվում զսպման միջոցների կիրառմանն առնչվող կարգավորումները (օրինակ՝ ֆիզիկական զսպման միջոցների կիրառումը հիվանդասենյակներում և այլ պացիենտների ներկայությամբ, ֆիզիկական զսպման մեխանիկական ոչ պատշաճ միջոցներ և այլն),

 բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետազոտություններն իրականացնելու նկատմամբ միասնական մոտեցումը և չափորոշիչները,

 անհրաժեշտ են նեղ մասնագիտական խորհրդատվությունները կազմակերպելու հստակ մեխանիզմներ,

 անհրաժեշտ է մշակել հոգեբուժական կազմակերպություններում վնասվածքների պատշաճ հաշվառման և այդ մասին իրավապահ մարմիններին տեղեկացնելու կարգ,

 հոգեբուժական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների ցանկերի սահմանման անհրաժեշտություն՝ հոգեբուժական կազմակերպություններում վճարովի ծառայությունների տեսակի և սակագների չհիմնավորված տարբերակվածությունը բացառելու նպատակով և այլն:

Այցի պահին Կենտրոնում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, ինչը, իհարկե, ողջունելի է: Սակայն դրանց տևական իրականացման պայմաններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց գերբեռնված պայմաններում պահելն անընդունելի է:
Նշված փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի Առողջապահության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններ, ինչպես նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:

Միաժամանակ, Պաշտպանն ընդգծել է Կենտրոնի աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման հետ
կապված հարցերի կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել