Կաշառք տված ընկերության տնօրենը և կաշառք ստացող պաշտոնատար անձը ձերբակալվել են, որպես կասկածյալ հարցաքննվելիս տվել են խոստովանական ցուցմունքներ. ԱԱԾ պարզաբանում

ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել. «2019 թվականի հոկտեմբերի 3-ին «Ժամանակ» թերթում և «1in.am» կայքում տպագրված՝ «Քրգործը «ջրվել է» Մաշադյանի մտերիմ՝ Տրամվի պարկի Գոջիի տղայի միջամտությամբ» վերտառությամբ, չճշտված և ըստ էության ապատեղեկատվություն պարունակող հոդվածի կապակցությամբ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված թույլատրելի և հավաստի ապացույցների համակցությամբ կաշառք տված ընկերության տնօրենը և կաշառք ստացող պաշտոնատար անձը ձերբակալվել են, որպես կասկածյալ հարցաքննվելիս տվել են խոստովանական ցուցմունքներ, որոնք հետագայում պնդել են նաև առերես հարցաքննության ընթացքում:

Կատարած առերևույթ հանցավոր արարքների համար վերջիններիս, ինչպես նաև կաշառքի միջնորդին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առաջադրվել են մեղադրանքներ, իսկ որպես խափանման միջոց, հաշվի առնելով դրսևորված վարքագիծը և ընտանեական դրությունը, կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ տնտեսվարող սուբյեկտի կողմից սպառողներին խաբելու հանգամանքը և պետությանը պատճառված վնասը հստակ հաշվարկելու համար, իսկ դատավարության որևէ մասնակցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում չի կայացվել։

Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության առջև հնարավորինս բաց և թափանցիկ լինելու սկզբունքին, հորդորում է՝ նրա գործունեության վերաբերյալ նյութեր հրապարակելիս, օգտվել պաշտոնական աղբյուրից՝ ստացված տեղեկությունների արժանահավատությունը ճշտելու համար։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել