Զինծառայողին մեկ այլ զինծառայողի կողմից ինքնասպանության հասցնելու համար պատիժ կնախատեսվի

Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Շաքե Իսայանը առաջարկում են քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել, որով նախատեսվում է զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար առանձին պատիժ սահմանել:

Կսահմանվի, որ զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ  ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի  հասցնելը  մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է  ազատազրկմամբ՝  երեքից ութ  տարի ժամկետով:

Նախատեսված արարքը, որը կկատարվի՝

1) մի խումբ անձանց կողմից,

2) պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ,

3) միեւնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար,

4) մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում,

 կպատժվի ազատազրկմամբ՝  հինգից տաս տարի ժամկետով:

Նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

Հեղինակները նշում են. « ՀՀ զինված ուժերում տարիներ շարունակ խաղաղ պայմաններում արձանագրվող ինքնասպանությունների դեպքերը խոսում են ոչ պատշաճ կանոնադրական հարաբերությունների մասին, այսինքն՝ մենք գործ ունենք Զինված ուժերում կարգապահության, կանոնադրական հարաբերությունների հետ կապված լուրջ խնդիրների հետ եւ այս հարցերը մենք բարձրացնում ենք որպես հանրային պահանջ, Զինված ուժերում զինծառայողին ինքնասպանության հասցնելու հանցագործություն կատարողներին ենթարկելու  ավելի խիստ պատժի: Ըստ ՀՀ դատախազության տրամադրած տեղեկատվության՝ ըստ տարեթվերի ՀՀ ԶՈՒ-ում եւ ԱՀ ՊԲ-ում զինծառայողների ինքնասպանության եւ ինքնասպանության հասցնելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործերի վիճակագրության վերաբերյալ ՀՀ ԶՈՒ եւ ԱՀ ՊԲ-ում ինքնասպանութան կամ ինքնասպանության հասցնելու հետեւանքով մահացությունների թիվը մտահոգիչ է, եւ դա խոսում է շատ լուրջ իրավիճակի մասին, ընդ որում զինծառայողի կողմից այլ զինծառայողի ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերը, կախված նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների առկայությունից կամ բացակայությունից, քրեաիրավական գնահատականի են արժանանում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասով, 358.1 հոդվածի 4-րդ մասով կամ 359-րդ հոդվածի 3-րդ մասով:

Հետեւաբար գործնականում առաջանում են  այնպիսի իրավիճակներ, երբ ինքնասպանության կամ դրա փորձի պատճառ է հանդիսանում զինծառայողի արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելը, որը որպես հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշ՝ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված վերը թվարկված հոդվածների դիսպոզիցիաներում նախատեսված չէ, որի արդյունքում արարքը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով, որը նախատեսում է էապես մեղմ պատժաչափ: Նման իրավակիրառ պրակտիկան արդարացի չէ նաեւ այն առումով, որ արարքի քրեաիրավական որակումից դուրս է մնում հանցագործության առաջնային օբյեկտը՝ զինվորական ծառայության կարգը:

Սույն օրենքի նախագծով առաջարկվում է  ՀՀ քրեական օրենսգրքի զինվորական ծառայության  կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում սահմանել, որպես ինքնուրույն հանցակազմ՝ հոդված 260.1 զինծառայողին ինքնասպանության հասցնելը, որի մասերում նախատեսված են նշված հանցագործության կատարման հատկանիշները:

Հարկ եմ համարում նաեւ նշել, որ սույն օրենքի նախագիծը ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ նախագծի վերաբերյալ մասնագիտական եւ խորհրդատվական  կարծիք ստանալու համար, որի ստացված բոլոր նկատառումները եւ   առաջարկությունները ամբողջությամբ  ներառվել են նախագծում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել