Հոկտեմբերի 8-ին Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ ավագանին որոշում ընդունեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գլխավոր պողոտայի՝ Սարյանի, Բուզանդի, Կարեն Դեմիրճյանի փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի զբոսայգին հայ նշանավոր հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս, հայկական հարցի մասին մի շարք գրքերի հեղինակ, Ճապոնիայում Հայաստանի առաջին Հանրապետության պատվավոր հյուպատոս, աշխարհում հյուպատոս նշանակված առաջին կին, բարեգործ Դիանա Աբգարի անվամբ՝ «Դիանա Աբգարի անվան զբոսայգի» անվանակոչելու մասին:
Նախագիծը ներկայացրել էին ավագանու անդամներ Գրիգոր Երիցյանը և Գայանե Մելքոմ Մելքոմյանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում էր, որ Դիանա Աբգարը եղել է հայ հասարակական գործիչ, գրող, բարեգործ և աշխարհում առաջին կինը, որ նշանակվել է պատվավոր հյուպատոս։ 2019 թվականի հոկտեմբերի 17-ին
լրանում է Դիանա Աբգարի 160-ամյակը։
Դիանա Աբգարը (ծննդյան անունը՝ Գայանա, օրիորդական ազգանունը՝ Աղաբեկ (Աղաբեկյան)), ծնվել է պարսկահայերի ընտանիքում՝ Բիրմայի (Մյանմա) այն ժամանակվա մայրաքաղաք Ռանգունում (այժմ` Յանգոն)։ 1890 թվականից մինչ մահը բնակվել է Ճապոնիայում։
1906 թվականին՝ ամուսնու մահից հետո Դիանան ստանձնել է նրա առևտրային ընկերությունների կառավարումը, ինչն արել է մեծ հմտությամբ։ 1909 թվականի Ադանայի կոտորածը Դիանա Աբգարին մղել է դեպի հանրային, գրական և հրապարակախոսական ակտիվ գործունեություն, որի առանցքում հայերի դժվարին կացությունը և հայկական հարցն էին։ Այդ ժամանակից ի վեր նա իր հետագա կյանքի ողջ գործունեությունը նվիրել է իր պատմական
հայրենիքին և հայ ժողովրդին։
Դիանա Աբգարն առաջիններից մեկն էր, որ ապացուցեց, որ Ադանայի կոտորածը կազմակերպվել և իրականացվել էր թուրքական իշխանությունների կողմից: Նա հանդես է եկել հայ ժողովրդին նվիրված դասախոսություններով, հոդվածներով, աշխատակցել է «The Japan Gazette» և «Far East» անգլերեն պարբերականներին, երբեմն նաև «New York Times»-ին։
Դիանա Աբգարը բեղմնավոր գրչի տեր էր։ Նա գրում էր Օսմանյան կայսրությունում հայերի կյանքի ծայրահեղ պայմանների մասին` ընդգծելով հայերին փրկելու Արևմուտքի բարոյական պարտականությունը: Նրա անգլերեն հեղինակած գրքերից են «Ճշմարտությունը հայության ջարդերի մասին» (1910), «Հայերի հարցը», «Դավաճանված Հայաստան» (1912), «Նրա անունով» (1911), «Եվրոպայի խաղաղությունը», «Խաղաղության խնդիրը» (1912), «Մեծ չարիք» (1914) և այլն:
Դիանա Աբգարն ունեցել է հինգ զավակ, որոնցից երկուսը մահացել են մանուկ հասակում։ Նրա սերունդները տեղափոխվել են ԱՄՆ և մինչ օրս բնակվում են այնտեղ։
Հաշվի առնելով վերոգրյալը և Դիանա Աբգարի 160-ամյակ կապակցությամբ նրա հիշատակը հավերժացնելու նպատակով՝ առաջարկվում էր Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտայից դեպի Սարյան փողոց ձգվող հատվածի զբոսայգին անվանել Դիանա Աբգարի անունով։ Այսպիսով վառ կպահվի իր ողջ հանրային գործունեությունը հայ ժողովրդին նվիրած, բայց անարդար կերպով անտեսված հայ կին գործչի, գրողի, հրապարակախոսի և բարեգործի
հիշատակն ու ավանդը։
Միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Երևանում հայ կին գործիչների հիշատակումը մեծապես զիջում է տղամարդկանց նվիրված հուշարձաններին, փողոցներին և այլ աշխարհագրական օբյեկտներին, կարևոր ենք համարում այս քայլը՝ որպես տարբեր ոլորտներում նշանակալի ավանդ ունեցող կանանց արժևորման, նրանց անվան ու գործի հանրահռչակման և այդպիսով հետհեղափոխական Հայաստանում նոր մշակույթի հաստատման նախաձեռնություն։