«Եվրոպայի իրավաբան ուսանողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ և Վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է մարդու իրավունքների միջբուհական դատախաղ-մրցույթ հանրապետական մասշտաբով:
Դատախաղ-մրցույթն իր բնույթով բացառիկ է և կազմակերպվում է առաջին անգամ՝ հնարավորություն ընձեռելով իրավաբան ուսանողներին ամրապնդել գիտելիքները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ: Ավելին, դատախաղը նպաստելու է իրավաբան ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը, քանի որ անցկացվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գանգատների քննության ձևաչափերի հնարավորինս նմանությամբ ոլորտի լավագույն մասնագետների և փորձագետների մասնակցությամբ՝ որպես բանավոր փուլի դատավորներ: Դատախաղի լեզուն հայերենն է:
Մրցույթը կազմակերպվում է երկու փուլով՝ գրավոր և բանավոր: Մրցույթին գրանցված բոլոր թիմերը մասնակցելու են թե՛ գրավոր և թե՛ բանավոր փուլերին, որոնց արդյունքում ձեռք բերված միավորների հանրագումարով որոշվելու են եզրափակիչ փուլի մասնակից թիմերը: Դատախաղի եզրափակիչ խաղը տեղի կունենա 2019 թվականի նոյեմբերի 27-ին՝ Եվրոպայի իրավաբան ուսանողների օրվա առիթով կազմակերպվող հանդիսավոր միջոցառումների շրջանակներում:
2019 թվականի մարդու իրավունքների միջբուհական առաջին դատախաղի մասնակցության հայտը, կանոնները, ժամանակացույցը և դատախաղի գործը կցվում են: Դատախաղ-մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացված հայտն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մինչև 2019 թվականի հոկտեմբերի 10-ը:
Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ կապ հաստատելով մեզ հետ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով:
Սիրով ակնկալում ենք ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ակտիվ մասնակցությունը:
Դատախաղի գործը, մասնակցության կանոնները, հայտը և ժամանակացույցը ներկայացվում են ստորև։