Նախատեսվում է «Հանրության գերակաշահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություն կատարել:
Նախագիծը ներկայացրել են Աժ պատգամավորներ՝ Վահե Էնֆիաջյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը և Ջանիբեկ Հայրապետյանը:
Նախագծի ընդունմամբ՝ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը կվճարվի օտարվող գույքի շուկայական արժեքից 25 տոկոս ավելի գումարը՝ գործով 15-ի փոխարեն:
Հիմնավորման մեջ նշվում է. «Համաձայն ՀՀ Սահմանադրության հոդված 10-ի, Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձեւերը:
Միեւնույն ժամանակ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով` միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ:
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ նաեւ Օրենք) սահմանում է հանրային գերակա շահի որոշման կարգը, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման կարգը, օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման տրման կարգը: Օրենքի հոդված 11-ի համաձայն օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:
Ակնհայտ է, որ ներկայիս պայմաններում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարի փոխհատուցումը բավարար չէ: Այն պարագայում, երբ արդեն քննարկվել է բոլոր այլընտրանքային տարբերակները քաղաքացու հարկադիր վերաբնակեցումը կանխելու կամ նվազագույնի հասցնելու համար և պարզվել է, որ վերաբնակեցումն անխուսափելի է, ապա տեղահանվող անձանց կենսական չափորոշիչները պետք է ոչ միայն առնվազն վերականգնվեն, այլեւ բարելավվեն նախկին պայմանների համեմատ:
Ուստի եւ նախագծով առաջարկում ենք օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվող փոխհատուցման հաշվարկի ժամանակ, համարժեք համարվի օտարվող գույքի շուկայական արժեքից քսանհինգ տոկոս ավելի գումարը:
Սույն խնդիրը քննարկվել է նաեւ շահագրգիռ անձանց, այդ թվում նաեւ կառուցապատողների հետ, ովքեր իրենց համաձայնությունն ու պատրաստակամությունն են հայտնել փոխհատուցման գումարի առաջարկվող չափը ավելացնելու հարցում: Հարկ է նաեւ հավելել, որ առաջարկվող փոփոխությունը կառուցապատման գործունեության վրա որեւէ բացասական ազդեցություն չի ունենալու՝ չի նվազելու նման գործունեության շահութաբերությունն ու գրավչությունը:
Նախագծի ընդունման արդյունքում գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման պարագայում, եւս մեկ քայլ կկատարվի քաղաքացիների կենսամակարդակի եւ բնակարանային պայմանների վատթարացումը նվազագույնի հասցնելու ուղղությամբ»: