ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 24-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդին:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
2019թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 00:50-ին, «Շենգավիթ» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1995թ., որտեղ վերջինս հայտարարել է, որ հիշյալ վնասվածքն ստացել է Կոմիտասի անվան այգում՝ վայր ընկնելու հետևանքով: Այնուհետև երիտասարդը «Շենգավիթ» ԲԿ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղից ստացված տեղեկանքի համաձայն՝ նա ստացել է կրծքի ձախ կեսի թափանցող վնասվածք:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քննչական բաժնի պետի որոշմամբ՝ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ: 24-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1997թ.:
Քննությամբ պարզվել է, որ 2019թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Բուզանդ և Արամ փողոցների միջնամասում գտնվող այգում ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Երևան քաղաքի նշված բնակիչների միջև, որի ընթացքում 22-ամյա երիտասարդը, նախապես իր մոտ եղած դանակով առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, մեկ անգամ հարվածել է 24-ամյա երիտասարդի կրծքավանդակի ձախ կեսի թիկունքային մակերեսին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 22-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: