Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար:
Դատախազությունը պետք է գնահատական տա այն հանցագործությանը, որին մասնակից է դարձել ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ցուցակով հաջորդ անձին ԱԺ պատգամավորին մանդատ տալով, և դրանք կամա, թե ակամա:
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, գլխավոր դատախազության դիմաց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Սա անհետևանք չպտեք է մնա, մենք համալիր իրավաքաղաքական գնահատական կձևակերպենք ամբողջ սահմանադրական դատարանի գործունեության համար և այս գնահատականը՝ գլխավոր դատախազության, էական դեր կկատարի, առաջին քայլը կլինի ՍԴ այս կազմին անվստահություն հայտնելու և սայմանադիր մարմիններին նոր թեկնածուներ նշանակելու և Ազգային ժողովի հաստատմանն ուղարկելու համար»,-ասաց պագամավորը:
Արման Բաբաջանյանը նշեց, որ ինքը խորը հիասթափություն ուներ իշխող «Իմ քայլը» խմբակցության դիմումի բովանդակությունից ու որակից, քանի որ այդ դիմումը հաղթելու հնարավորություն չունի, իսկ ճգնաժամը չի կարող սպասել: «Ես կարծում եմ, որ սա մի քայլ է, որը հնարավորություն կտա արմատապես լուծել այն ճգնաժամը, որը առաջացել է և կապ չունի Հրայր Թովմասյանի անձի հետ: Ես կարծում եմ, որ Հրայր Թովմասյանն ընդամենը այսբերգի երևացող կողմն է: Այն խորքային պատճառները, որոնք առաջացել են և որոնք ստեղծել են այս ճգնաժամը՝ շատ ավելի լուրջ քննության առարկա են, որի մասին ես խոսել եմ, դա լյուստրացիան է, և դրա արդյունքում ԱԺ-ն՝ որպես ժողովրդի կողմից առաջնային մանդատ ունեցող մարմին, ուղղակի պիտի միջամտի այս գործընթացին և ձեռնամուխ լինի անհապաղ նոր դատարանի կազմավորման գործին»,-ասաց Արման Բաբաջանյանը: