Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների` պարզել են, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը և վարչական շրջանի մի շարք պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, 2012-2018թթ. ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց տարաբնույթ թույլտվություններ տրամադրելու, ինչպես և վարչական շենքում տրված տարածքների հետագա օգտագործման համար, բացի պետական տուրքերից և վարձավճարներից, պարտադրել են հավելյալ գումարներ վճարել «Նոր Նորք» զարգացման հիմնադրամին` հակառակ դեպքում սպառնալով լուծել պայմանագիրը:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Արդյունքում, Նոր Նորք վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք, այս պահին քննությանը հայտնի տվյալների հիման վրա, նրանց պարտադրել են հիմնադրամին վճարել մոտ 11 միլիոն 250 հազար դրամ:
Բացի այդ, 2014-2016թթ. ընթացքում մի շարք տոների, նաև Եղեռնի զոհերի հիշատակի օրվա և այլ միջոցառումների իրականացման համար վարչական շրջանի բյուջեից դուրս են գրվել ֆինանսական միջոցներ, որոնցով իրականացվել են հիշյալ միջոցառումները, այնուհետև Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձինք, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը` նախապես համաձայնության են եկել «Նոր Նորք» զարգացման հիմանդրամի տնօրինության հետ, և նույն միջոցառումները հիմնադրամի միջոցով կատարելու պատրվակով` հիմնադրամի դրամարկղից Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի ու կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետերի անվամբ` 2014-2016 թթ. ընթացքում դուրս են գրվել գումարներ և կանխիկ փոխանցվել թաղապետարանի պաշտոնատար անձանց, որոնք, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, յուրացրել են իրենց վստահված, առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր մոտ 7 միլիոն դրամ: Այնուհետև կազմվել են դրամարկղի ելքի անդորրագրեր` իբր գումարները միջոցառումներն իրականացնելու համար են հանձնվել բաժնի պետերին:
Ավելին` «Նոր Նորք» զարգացման հիմնադրամի գործունեությունը 2016թ. դեկտեմբերից դադարեցված լինելու պայմաններում` վարչական շրջանի որոշ պաշտոնյաներ վարչական շենքում տարածքներ վարձակալած անձանց չտեղեկացնելով այդ մասին, 2017թ. հունվարից մինչև 2018թ-ի մայիս ամիսը շարունակել են, արդեն կանխիկ եղանակով, գանձել գումարներ` այդ կերպ, ըստ նախնական տվյալների, խարդախությամբ հափշտակելով մոտ 900 հազար դրամ:
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Տեսանյութը՝ ոստիկանության