Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) գործի հետ կապված, ի սկզբանե երևում էր, որ ուղղորդված քննություն պետք է լինի և ակնհայտ էր, որ ինչ-որ մի տեղից ղեկավարավում էր այդ գործընթացը, քանի որ այդ պահին նրա նկատմամբ քրեադատավարական խախտումներն ակնհայտ էին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
«Եթե արդեն հարց էր ծագել, որ կարող է պատահի Պետական վերահսկողության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվի, կամ մեղադրանք առաջադրվի, միանշանակ էր, որ գործը պետք է տեղափոխվեր Հատուկ քննչական ծառայություն: Բայց իրենք այդ ճանաապարհով չգնացին, նույնիսկ այն բանից հետո, երբ պաշտպանական կողմը հայտնեց բացարկի միջնորդություն: Այդ միջնորդությունը նույնպես կոպիտ խախտմամբ մերժվեց, քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ նման գործերը պետք է գտնվեն ՀՔԾ տիրույթում: Այս դեպքում արդեն ակնհայտ էր, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ ուղղորդված ու պատվիրված քննություն պետք է տեղի ունենար»,-ասաց Իննեսա Պետրոսյանը:
Նրա խոսքով, քանի որ Դավիթ Սանասարյանը մտել էր մի դաշտ, որտեղ չէին սպասում ՊՎԾ գործունեությանը, որոշ անձիք սկսեցին ուղղորդել այդ գործը և ստացվեց այնպիսի իրավիճակ, որ այդ գործով անցնող մեղադրյալները, որոնք գտնվում էին նախնական կալանքի տակ՝ արդեն սկսում են այնպիսի դիմումներ ներկայացնել քննիչին, ինչպիսիք են՝ առանձին տեսակցություններ՝ առանց պաշտպանների:
«Այդ ձեռագիրն ակնհայտ էր: Մենք իրականում տեսանք, որ գործը սարքվել էր, որովհետև 2-3 կալանավորված անձիք անընդհատ առանձնատեսակցություն են խնդրել վարույթն իրականանող մարմնի և, խոսել են և դրանւից հետո չի եղել մի փաստաթուղթ, թե ինչի՞ մասին են իրենք զրուցել ու հանկարծ հայտնվում են Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունքները: Այստեղ մեկ նպատակ էր հետապնդում վարույթն իրականացնող մարմինը, որ անմիջապես կասեցվեր նրա լիազորությունները, այդ պահին նրան պետք է մեկուսացներ այն աշխատանքից, որին լծված կատարում էր»,-նշեց նա:
Նա նաև նշում է, որ սեպտեմբերի 13-ին բողոք է ներկայացվել և դատախազության կողմից, առ այսօր, գրավոր որևէ պատասխան չի ստացվել: «Մենք միայն տեղեկացաք մամուլից և ես լրիվ պատահական տեսա այդ օրը, երբ գործը տեղափոխվում էր դատարան, որ մեղադրական եզրակացությունը հաստատվել է: Միջնորդություն էինք ներկայացրել, որ պարոն Սանասարյանի պաշտոնավարումը վերականգնվի, դրա պատասպանը նույնպես չենք ստացել»,-նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկացմամաբ, ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):