Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է:
Նախարարությունը նշում է, որ Հայաստանի Հանրապետության բնակչության 14 %- ը՝ 420 000 մարդ, 63 տարին անց են:
Հայաստանի չորս պետական տուն-ինտերնատներում և «Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում ապրում է 1210 տարեց մարդ: Պետական տուն-ինտերնատներում բնակվող անձանց խնամքի համար ՀՀ պետական բյուջեից այս տարի հատկացվել է 2 մլրդ 148 մլն դրամ:
Պետության կողմից 4 900 տարեցների համար տնային խնամք է իրականացվում: Տնային խնամքի համար շուրջ 350 մլն դրամ է հատկացվում պետբյուջեից: Նախարարության համակարգում գործող տուն-ինտերնատներում մեկ շահառուի խնամքի մեկ օրվա ծախսը միջինում կազմում է 3700 դրամ:
Ի՞նչ է կատարվել այս ընթացքում
Բարձրացել է նվազագույն կենսաթոշակի չափը՝ սահմանելով 25.500 դրամ նվազագույն շեմ:
Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարը կրկնապատկվել է՝ կազմելով 100.000 դրամ:
Բացվել է «Նորքի տուն-ինտերնատի» վերանորոգված առանձին հարկաբաժինը՝ նախատեսված անկողնային հիվանդ 30 տարեցների համար:
Հայրենական պատերազմի 30 վետերաններ առողջարանային անվճար բուժում կստանան: Ուղեգրերի ձեռքբերման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացնի 4․320․000 դրամ։
2020 թ.-ի հունվարի մեկից պետության կողմից կփոխհատուցվեն սոցիալական բնակարանային ֆոնդի շահառու հանդիսացող միայնակ տարեցների կոմունալ վարձավճարները:
2020 թվականից բոլոր կենսաթոշակները կավելանան միջինում 10 տոկոսով:
Նախարարությունը հայտնու է, որ մշակվել է «Տարեցների խնամքի ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային համայնքային ծառայությունների զարգացման ռազմավարությունը»: Փաստաթուղթն ուղղված է ոչ միայն նրանց սոցիալական վիճակի բարելավմանը, այլև տարեցների ակտիվ, արժանավայել և առողջ ծերացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
2020-2024 թթ.-ին կստեղծվեն 6-10 հոգու համար նախատեսված փոքր տներ, տնային համայնքահեն այլընտրանքային խնամքի տեսակներ, զբաղվածության և ժամանցի այլընտրանքային ցերեկային կենտրոններ, կձևավորվի անհատական օգնականի ինստիտուտը: