Սեպտեմբերի 30-ին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից մինչև նիստի օրակարգով նախատեսված հարցերի քննարկումն արտահերթ հարց է բարձրացվել` կապված «Վերին Լարս» անցակետում հերթերի և տրանսպորտային միջոցների կուտակման խնդրի հետ: Փոխվարչապետն ընդգծել է, որ նշված խնդիրը հանդիսանում է խոչընդոտ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ներքին շուկայի զարգացման ու խթանման համար, և անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ:
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը «Վերին Լարս» անցակետում իրավիճակի առնչությամբ հայտնեցին, որ խնդիրը պայմանավորված է կշռման ընթացակարգի և բացահայտված գերբեռնվածության դեպքերի հետ: Ռուսական կողմը հայտնեց նաև, որ ներկայումս անցակետում գտնվում են 450 տրանսպորտային միջոց, որոնց բացթողումը նախատեսվում է իրականացնել մինչև հոկտեմբերի 1-ի երեկո:
Հայկական և ռուսական կողմերը պայմանավորվածություն ձեռքբերեցին օպերատիվ կապ պահպանել և լուծել առաջացած խնդիրները առավելագույնը երկու օրվա ընթացքում` պարբերաբար փոխանակելով տեղեկատվություն իրավիճակի վերաբերյալ:
Այնուհետև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացած նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ինտեգրման զարգացմանը և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: