Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն ու դրանց օգտագործման ուղղությունները կարտացոլվեն ՀՀ 2019թ. պետբյուջեում

Այսօր` սեպտեմբերի 30-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարի օգտագործման հրապարակայնության և թափանցիկության ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ն 2019 թ. սեպտեմբերի 19-ին իրականացրել է արտարժութային պետական պարտատոմսերի երրորդ տեղաբաշխումը 500 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով, տեղաբաշխումից մուտքը կազմել է 489.9 միլիոն ԱՄՆ դոլար: Միաժամանակ իրականացվել է 2020 թ. մարման ենթակա արտարժութային պետական պարտատոմսերի գծով մասնակի հետգնում 402.4 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, որի դիմաց վճարվել է 427.9 միլիոն ԱՄՆ դոլար` ներառյալ հետգնված պարտատոմսերի անվանական արժեքը, հավելավճարը և հաշվեգրված արժեկտրոնի գումարը: Վճարման ենթակա գումարը վճարվել է 2019 թ. սեպտեմբերի 19-ին իրականացված արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցների հաշվին: Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարը՝ 489.9 միլիոն ԱՄՆ դոլար, ինչպես նաև դրա օգտագործման ուղղությունները անհրաժեշտ է արտացոլել «ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում՝ պետական բյուջեի բոլոր մուտքերի և ելքերի հրապարակայնությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է ավելացնել ՀՀ 2019 թ. պետբյուջեով նախատեսված «Պետական պարտքի կառավարում» ծրագրի «ՀՀ կառավարության պարտքի սպասարկում արտարժութային պետական պարտատոմսերի մասով» և «Արտարժութային պետական պարտատոմսերի ցուցակման ծառայություններ» միջոցառումների գծով ինն ամսվա և տարեկան հատկացումների գումարները: Առաջարկվող փոփոխությունների նպատակն է ապահովել արտարժութային պետական պարտատոմսերի սպասարկման և ցուցակման ծառայությունների գծով կառավարության ստանձնած պարտավորությունների ժամանակին և ամբողջ ծավալով իրականացումը: Որոշմամբ առաջարկվում է, մասնավորաապես, փոփոխություններն իրականացնել՝ ավելացնելով ՀՀ 2019 թ. պետբյուջեով նախատեսված այլ եկամուտները՝ բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների գծով:

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ ՀՀ անունից արտարժութային պետական պարտատոմսերի գործառնություններ իրականացնելու գործընթացի կազմակերպման շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մի շարք ծառայությունների ձեռքբերման գծով ստանձնած պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարումն ապահովելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության անունից արտարժութային պետական պարտատոմսերով գործառնություններ իրականացնելու գործընթացի կազմակերպման շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան ծառայություններ ձեռք բերելու նպատակով կնքել է հետևյալ պայմանագրերը՝ 2019 թ. հուլիսի 18-ին միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման նպատակով «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության հետ, 2019 թ. սեպտեմբերի 9-ին արտարժութային պետական պարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերման նպատակով «J.P.Morgan Securities plc» և «Citigroup Global Markets Limited» ընկերությունների հետ, 2013 թ. օգոստոսի 15-ին արտարժութային պետական պարտատոմսերի վարկանշման ծառայության ձեռքբերման նպատակով «Fitch Ratings» վարկանշային ընկերության հետ, 2012 թվականի դեկտեմբերի 17-ին արտարժութային պետական պարտատոմսերի վարկանշման ծառայության ձեռքբերման նպատակով «Moody’s» վարկանշային ընկերության հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել