Գագիկ Խաչատրյանի տեսակցությունների վրա արգելանք է դրված. փաստաբան

Գագիկ Խաչատրյանի տեսակցությունների վրա արգելանք է դրված: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նա նշեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանների ներկայացրած՝ կալանավորելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը:

«Քրեական գործով ամեն քայլ արվում է՝ բացասական իմաստով: Եթե դատարանը նման իրավիճակում չկարողացավ արդար դատական ակտ կայացնել, կործում եմ, որ մենք այլևս ներպետական ատյաններում հույս չպետք է ունենանք, քանի որ եթե վերաքննիչ դատարնն այս փստերով չկարողացավ որոշում կայացնել, ապա ստիպված ենք լինելու միջազգային ատյաններում ներկայացնել խնդիրը և ցավով ուզում եմ նշել, որ այս որոշումը Եվրոպական դատարանում լուրջ խնդիրներ է առաջացնելու: Խնդիրը նրանում է, որ ես որպես քաղաքացի չէի ցանկանա, որ ՀՀ-ի հետ կապված նման որոշումներ առկա լինեն, բայց նման որոշումներն են  մեր դատական համակարգի զարգացման համար հիմք հանդիսանում: Եթե դատարանները կկարծեն, որ իրականում Եվրոպական դատարանում խնդիր կլինի՝ նման որոշում չեն կայացնի»,-ասաց Երեմ Սարգսյանը:

Փաստաբանի խոսքով, խնդիրն այն է, որ Եվրապական դատարանում ուշ ժամկետներում է քննում դիմումները, մինչ այդ որոշակի իրավիճակներ են փոխվում և դատարաններն ու դատավորներն ապահովված են, որ մինչև որոշումն ընդունվի, Հայաստանում որև՝ բան կփոխվի:

Նա նշեց նաև, որ Գագիկ Խաչատրյանի գույքի և դրամական միջոցների վրա կալանք է դրված, որի մասով ևս բողոք է ներկայացվել դատարան:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։

Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել