Դատական ազատ, անկախ համակարգը կործանվել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նա նշեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանների ներկայացրած՝ կալանավորելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը:
«Այն առաջընթացը, որը որ կար հեղափոխությունից հետո՝ դատական համակարգի առումով, այսինքն որ դատարանները որոշակի ազատություն, անկախություն ունեին, պետք է արձանագրել, որ կործանվել է այս համակարգը ու սա ուղղակի խոսքեր չեն: Յուրաքանչյուր դատական համակարգի, իրավական համակարգին մոտ կանգնած անձ, գոնե կասեր, որ Վերաքննիչ դատարանն այն միակ հույսն էր մնացել, որ կարողանում էր անկախ որոշումներ կայացնել: Այս պահին, որ Ռուբիկ Մխիթարյանի նման դատավորը, որը որ միշտ աչքի է ընկել իր օբյեկտիվ, անկախ որոշումներով, այսօր փաստացի չկարողացավ հաղթահարել այն ճնշումները, որոնք առկա են իր նկատմամբ և փաստացի կատարեց այնպիսի քայլ, որ հետագայում արձանագրվելու է այն խախտումները, որոնք որ տեղի ունեցան»,-ասաց Երեմ Սարգսյանը:
Փաստաբանի խոսքով, եթե որևէ հանցագործության վերաբերյալ փաստաթղթեր առկա չեն, ապա դատարանը պետք է մերժի կալանավորման միջնորդությունը, քանի որ հիմնավոր կասկած չկա:
Երեմ Սարգսյանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանի հետ չի քննարկել, արդյո՞ք այս ամենում տեսնում է քաղաքական կոնտեքստ: Ինչ վերաբերում է նրա առողջական խնդիրներին, փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալը թույլ չի տվել հրապարակային հայտարարություններ ներկայացնել, սակայն այս որոշումից հետո, կարծում է, որ պետք է անդրադառնալ այդ փաստերի վրա:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։
Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։