Շիրակի մարզի դատախազության դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել Անի խոշորացված համայնքի պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Ոստիկանության Անիի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նախկին Մարալիկ, ներկայումս Անի խոշորացված համայնքի ղեկավար Ս.Գ.-ն 2018թ. մայիսի 14-ին որպես համայնքի ղեկավարի տեղակալ աշխատանքի է ընդունել իր մտերիմ Ս. Նիկոյանի եղբոր որդուն` Ն. Նիկոյանին: Վերջինիս սահմանահատումների պատմության ուսումնասիրությամբ պարզվել է, որ նա 2018թ-ի մայիսին, ինչպես նաև 2019թ. հունիս-հուլիս ամիսներին որոշակի ժամանակահատվածներով բացակայել է հանրապետությունից և չնայած դրան, նրա անվամբ հաշվարկվել և դուրս են գրվել աշխատավարձի գումարներ:
Փաստական տվյալներ են ստացվել նաև առ այն, որ Մարալիկ քաղաքի Ձերժինսկի փողոցի շենքերից մեկի բնակարանը Մարալիկի քաղաքային համայնքի 2012թ. հուլիսի 3-ի և Մարալիկի քաղաքապետ Ա.Գ.-ի 2012 թվականի հուլիսի 4-ի որոշումների հիման վրա նվիրաբերության եղանակով հատկացվել է քաղաքապետի մորեղբոր կնոջը: Պարզվել է, սակայն, որ վերջինս նշված բնակարանում երբևէ չի բնակվել, 2011թ.-ից ընտանիքի հետ միասին Հայաստանում չի գտնվում, իսկ նվիրաբերության վերաբերյալ բացակայում են իրավական հիմնավորումները։
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև Ա.Գ.-ի կողմից Մարալիկ քաղաքի ներկայիս դատարանին հարակից, որպես երրորդ դպրոցի համար նախատեսված կիսակառույց շինությունը ապամոնտաժելու և երկաթյա կոնստրուկցիաները վաճառելու, ինչպես նաև Մարալիկի գերեզմանատնից դեպի «Կարմիր վանք» տանող հատվածում 300մմ տրամագծով 280 գ/ծ մետր երկարությամբ ոռոգման երկաթյա խողովակաշարը վաճառելու և գումարները յուրացման կամ վատնման եղանակով հափշտակելու վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ և անհրաժեշտ է վերը նշված հանգամանքները պարզել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության միջոցով՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործը նախաքքնություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերին 18-ին մեկ այլ քրեական գործի շրջանակներում նախկին Մարալիկ, ներկայումս Անի խոշորացված համայնքի ղեկավար Ա.Գ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վարույթն իրականացնող մարմնի կողմից Ա. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: