Կառավարությունը սեպտեմբերի 26-ին կայացած նիստի ժամանակ որոշում ընդունեց 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել, որով փոփոխություններ են կատարվում մեքենաների գրանցման-հաշվառման կարգում:
Փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը մշակվել է Ճանապարհային ոստիկանության և իրավաբանական վարչության կողմից:
Որոշման հիմնավորման համաձայն .
1. ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման 1-ին հավելվածի 1.1-ին կետով սահմանված է, որ պետական գրանցման ենթակա է Հայաստանի տարածքում շահագործելու համար նախատեսված «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքով նախատեսված գյուղատնտեսական տեխնիկան, սակայն օրենքով գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում չի նախատեսվում, այլ սահմանված է միայն դրանց հաշվառում: Հետևաբար, որոշման այդ դրույթն ավելորդ է:
Այսպիսով, այս դրույթն ուժը կորցրած է ճանաչվել:
2. Ներկայումս մի շարք դեպքերում տնտեսվարող սուբյեկտներն առանց թույլտվության, ապօրինաբար իրականացնում են տրանսպորտային միջոցի վերասարքավորում (այսինքն՝ ապակոմպլեկտավորում են այն՝ արգելակային համակարգը, ղեկային կառավարման համակարգը, արտաքին լուսային սարքերը և այլն ապամոնտաժված կամ հանված են): Քանի որ աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք օրենսդրությամբ արգելված է, ուստի վերոնշված գործողությունները հիմնականում իրականացնում են վերոնշված տրանսպորտային միջոցների նկատմամբ, որպեսզի կարողանան անարգել ներմուծել ՀՀ տարածք:
Այսուհետ, կմերժվի ապակոմպլեկտավորված տրանսպորտային միջոցների գրանցումը՝ հնարավոր ապօրինություններից խուսափելու նպատակով:
3. Ներկայումս տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) տրանսպորտային միջոցը նախքան այլ անձի օտարելը գրանցել իրենց անվամբ և արդյունքում՝ վճարել գույքահարկ, չնայած՝ տրանսպորտային միջոցը որպես հիմնական միջոց սեփականություն չեն ընդունել:
Այսուհետ, հարկավոր չէ գրանցել տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) տրանսպորտային միջոցները, որպեսզի դրանց նկատմամբ անհարկի գույքահարկի վճարման պարտավորություններ չառաջանան:
4. Տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություններ իրականացնելու համար ներկայացվում է տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք, ինչը խոչընդոտներ է առաջացնում հաշվառման ստորաբաժանումում հաշվառման գործողությունների կատարման համար, հատկապես հանրապետության հեռավոր շրջանների բնակիչների համար: Այսինքն՝ քաղաքացին չի կարողանում մեկ այլ տարածքի հաշվառման-քննական ստորաբաժանումում կատարել տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություն, եթե իր տարածքում չի կատարել տրանսպորտային միջոցի գույքահարկի վճարման պարտավորությունը և իր մոտ չունի այդ պարտավորությունը ամբողջական կատարելու մասին տեղեկանք: Գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքի առկայության ստուգումը ճանապարհային ոստիկանության գործառութային պարտավորությունների շրջանակից դուրս է և դրա վերաբերյալ տեղեկանքը չի հանդիսանում տրանսպորտային միջոցի գրանցման-հաշվառման գործողության համար անհրաժեշտ փաստաթուղթ:
Այսուհետ, հանվել է տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություններ իրականացնելու համար տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը, քանի որ դրա ստուգումը ճանապարհային ոստիկանության գործառութային պարտավորությունների շրջանակից դուրս է և դրա վերաբերյալ տեղեկանքը չի հանդիսանում տրանսպորտային միջոցի գրանցման-հաշվառման գործողության համար անհրաժեշտ փաստաթուղթ: Նույն փաստարկը կարելի է նշել նաև ԱՊՊԱ պայմանագրի կնքված լինելու ստուգման վերաբերյալ:
5. Ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիրը (ԱՊՊԱ) գտնվում է տրանսպորտային միջոցի պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկում: ԱՊՊԱ պայմանագրի կնքված լինելու ստուգումը Ճանապարհային ոստիկանության գործառութային պարտավորությունների շրջանակից դուրս է և այն չի հանդիսանում տրանսպորտային միջոցի գրանցման-հաշվառման գործողության համար անհրաժեշտ փաստաթուղթ:
Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այժմ գործում է ծրագրային համակարգ, որն ավտոմատ կերպով համեմատում է Ճանապարհային ոստիկանության էլոկտրոնային ռեգիստրում հաշվառված տրանսպորտային միջոցների և Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից տրամադրված տվյալները ու անհրաժեշտության դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջներին համապատասխան ավտոմատ կերպով գեներացնում է վարչական տույժ նշանակելու մասին որոշում:
6. Ներկայումս անձի անվամբ տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ նրա հաշվառման վայրի, իսկ դրա բացակայության դեպքում՝ ըստ ժամանակավոր հաշվառման վայրի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ ըստ փաստացի բնակության վայրի, ինչն ըստ էության չի արտացոլում տվյալ անձի ՀՀ-ում հաշվառված լինելու օրինականության մասին: Ինչպես նաև ամրագրված չէ օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կողմից տրանասպորտային միջոցների հաշվառման դեպքում բնակության փաստը հավաստող պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթի վերաբերյալ դրույթ:
Այսւոհետ, ֆիզիկական անձի տրանսպորտային միջոցի հաշվառում կկատարվի բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու պարագայում: Ինչպես նաև կարգավորվում են օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կողմից տրանասպորտային միջոցների հաշվառման դեպքում բնակության փաստը հավաստելու հետ կապված իրավահարաբերությունները:
7. Ներկայումս ՀՀ-ում տրանսպորտային միջոցի գրանցման դեպքում սեփականատիրոջը Ճանապարհային ոստիկանության կողմից տրամադրվում է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, ինչը սեփականատերերի մեծամասնության կողմից կորցվում է և դրա ստուգումը գրանցման-հաշվառման գործողությունների ընթացքում դառնում է անիմաստ գործառույթ:
Այսուհետ, հանվում է սեփականության սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ստուգման գործառույթը, քանի որ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային բազայում պահպանվում են սեփականատերերի վերաբերյալ տվյալները:
8. Ներկայումս տրանսպորտային միջոցի հաշվառման ազգային վկայագրում չի նշվում շարժիչի տեսակը, ինչն անհրաժեշտ է համապատասխան գործողություններ կատարելու (օրինակ՝ էլեկտրամոբիլների համար արտոնություններ սահմանելու) համար:
Այսուհետ կլրացվիտրանսպորտային միջոցի հաշվառման ազգային վկայագրում նշել նաև շարժիչի տեսակը:
9.Ներկայումս տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություների կատարման մերժման հիմքերի բովանդակությունը առավել ամբողջական և մանրամասն նկարագրելու անհրաժեշտություն է առաջացել: Մասնավորապես, առանց թույլտվության վերասարքավորման դեպքում նկարագրված չեն դա կատարելու մի շարք եղանակներ: Կամ սահմանված չէ ներկայացված փաստաթղթերի կեղծման կամ դրանք կորցրած (գողացված) լինելու վերաբերյալ տեղեկատվության դեպքում հաշվառման գործողությունների կատարման մերժման մասին դրույթ և այլն:
Այսուհետ առավել ամբողջական և մանրամասն կնկարագրվի տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություների կատարման մերժման հիմքերի բովանդակությունը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 19-ից: