Քայլեր են ձեռնարկվում բժիշկների և բուժքույրերի վերապատրաստման կուրսերն անվճար դարձնելու ուղղությամբ. Լևոն Զաքարյան

Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով բժիշկների ու բուժքույրերի վերապատրաստման կուրսերը դարձնել անվճար:

«Համայնքին պատկանող պոլիկլինիկաների բուժքույրերն ու բժիշկներն ամեն 4 տարին մեկ վերապատրաստում են անցնում՝ բուժքույրերի համար 50 հազար, իսկ բժիշկների համար՝ 150 հազար դրամ արժողությամբ: ներկա ցածր աշխատավարձի պայմաններում դա իրենց համար բավականին մեծ սոցիալական բեռ է: Իսկ ամեն տարի նախատեսվող անվճար տեղերը շատ քիչ են»,-նշում է Լևոն Զաքարյանը:

Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության կողմից ներկայացված տեղեկատվության՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության միջնորդությամբ շուրջ 100 բժիշկ և 100 բուժքույր վերապատրաստվում են պետպատվերի շրջանակներում:

Դեղագործական ընկերությունների, բժշկական ասոցիացիաների և Երևանի գլխավոր մասնագետների հետ համատեղ կազմակերպում է սեմինարներ, որոնց ընթացքում մասնակիցներին տրամադրվում է «Շարունակական մասնագիտական զարգացում» կրեդիտներ: Այս մասին նշվում է ավագանու անդամին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Ա. Վարդանյանի կողմից տրված պատասխանում:

«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ այսուհետ առաջնահերթությունը կտրվի այն մասնագիտությունների բժիշկ-բուժքույրերին, որոնց աշխատավարձը ցածր է և այն մասնագիտություններին, որոնց ուղղությամբ տվյալ տարում սեմինարներ չեն կազմակերպվում»,-նշում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել