Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածն անթույլատրելի է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպանը:
«Դատավորն օժտված է հատուկ պաշտպանությամբ՝ պայմանավորված նրա կողմից իրականացվող անփոխարինելի գործառույթներով։ Այս կանոնների ցանկացած խախտում պետք է արժանանա պետության արձագանքին։
Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը՝ անկախ նրա կարգավիճակից. այն բարձր արժեք է։ Մարդու արժանապատվությունն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է:
Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ»,-ասվում է ՄԻՊ խոսքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի երեկոյան Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է։ Կատարվում է քննություն: